Ներքին 4 տարի առաջ - 15:25 09-09-2022

«Հայաստան» խմբակցությունը շարունակելու է բոյկոտել ԱԺ աշխատանքները. հայտարարություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել խորհրդարանական գործունեության վերաբերյալ․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Խորհրդարանական մեկամյա գործունեության փորձը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը և իր կցորդ խորհրդարանական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ տապալում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը:

Անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանությունները Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր: Ավելին՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումները, նիստերի վարման միջազգային ստանդարտների անտեսումը, և մեծամասնության լիազորությունների ակնհայտ չարաշահումները ապալեգիտիմացնում են խորհրդարանի՝ որպես առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի գործունեությունը:

Այս պայմաններում՝ ապօրինություններով գործող խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարում շարունակելու ենք կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ եւ նրա հանձնաժողովների նիստերին։

Ինչպես բազմիցս հայտարարել ենք, խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝
–Հայաստանի ու Արցախի անվտանգությունը,
–օրվա իշխանությունների պաշտոնանկությունը
-երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը։

Ի հավելումն նշվածի ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է՝ հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները, դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ:

Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի մեր գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով՝ մասնակցելու է միջազգային հանդիպումներին մեր երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։ Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքները:
Միևնույն ժամանակ շարունակելու ենք ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ մեր երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից: Հայաստանը չի կարող աշխարհին ներկայանալ պարտության ու խայտառակության խորհրդանիշ հանդիսացող դեմքով: Բացառապես Հայաստանի շահերը ներկայացնող նոր բանակցողը միայն կարող է իրական ու արժանապատիվ խաղաղություն ապահովել և տանել մեր երկիրը զարգացման ճանապարհով»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է