Ներքին 4 տարի առաջ - 17:33 11-07-2022

Covid-19-ի ընթացքում հյուրանոցներում սննդի մատակարարման գործում 26 մլն դրամի չարաշահումների գործով դեռ ոչ ոք մեղադրյալի կարգավիճակ չունի

Covid-19 համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում հայտնաբերված 26 մլն դրամի չարաշահումների գործով քննության ներկա փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա։ Այս մասին, ի պատասխան Oragir.news-ի հարցման, պատասխանել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կատարված ոսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ․-ի մարտի 28-ի որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերություններից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ։ Գործարքները կատարվել էին առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

2020թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս գրված 23 հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի համաձայն՝ 9 հյուրանոցներում մեկուսացած 32.000 անձի տրամադրվել է շուրջ 149 մլն դրամի սնունդ, մինչդեռ պարզվել է, որ այդ հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած է եղել շուրջ 26.000 մարդ:

Այսինքն` պետությունը շուրջ 6.000 անձի հաշվարկով շուրջ 23 մլն դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց:

Դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով, և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե:

Oragir.news-ը գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ փորձելով ճշտել, թե գործի շրջանակներում արդյոք կան մեղադրյալներ, կամ ովքեր են հարցաքննվել։

Ի պատասխան մեր հարցման՝ Քննչական կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մայիսի 27-ին հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն։

Քննության ներկա փուլում մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա։

Քննության ներկա փուլում գրությամբ մեր նշած մյուս հարցադրումներին ՔԿ-ին չէին պատասխանել՝ նշելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով ներկայումս տվյալ գործով առավել ընդարձակ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարն էր Արսեն Թորոսյանը, իսկ էկոնոմիկայի նախարար էր Տիգրան Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»