Ֆեյսբուքը շարունակում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անուն- ազգանունը կամ նրա լուսանկարները տարածելու համար հայկական օգտատերերի էջերը արգելափակելը կամ սահմանափակումներ կիրառելը։ Բանն այն է, որ Մոնթե Մելքոնյանը ներառված է Ֆեյսբուքի «սև ցուցակում», քանի որ նա եղել է ԱՍԱԼԱ-ի անդամ, իսկ այն Ֆեյսբուքը համարում է ահաբեկչական խմբավորում, մինչդեռ լեգենդար հրամանատարը ՀՀ ազգային հերոս է, Արցախի հերոս և անուրանալի ներդրում է ունեցել Արցախյան հերոսամարտի ընթացքում, ազատագրել է Քարվաճառը, եղել է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար։
Oragir.news-ը փորձեց պարզել, թե Հայաստանի գործող իշխանությունները արդյո՞ք որևէ քայլ անում են ազգային հերոսին այդ ցուցակից հանելու համար։ Մենք մի շարք գերատեսչությունների, որոնք այդ հարցում լծակներ ունեն, գրավոր հարցումներ էինք ուղարկել՝ մասնավորապես հարցնելով, թե ինչ է արել մինչ այս պետական մարմինը Մոնթե Մելքոնյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի սև ցուցակից հեռացնելու համար։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկել, օրինակ՝ նամակներ ուղարկե՞լ են Ֆեյսբուքի գրասենյակ, եթե ուղարկել են, ապա քանի՞ նամակ է ուղարկվել, ի՞նչ բովանդակությամբ, ի՞նչ պատասխան է ստացվել Ֆեյսբուքից։ Հարցրել էինք նաև, թե հնարավո՞ր է, որ ՀՀ-ն կիսում է Ֆեյսբուքի դիրքորոշումը Մոնթե Մելքոնյանի անձի վերաբերյալ, հնարավո՞ր է, որ ՀՀ իշխանություններն էլ են նրան համարում ահաբեկիչ։
Սույն հարցերն Oragir.news-ը ուղարկել էր արտաքին գործերի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, որը շատերին հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։
ԱԳՆ-ից մեր հարցերին հետևյալ պատասխանն են ուղարկել․ «Հարցը մշտապես գտնվել և գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը համապատասխան նամակներ է ուղարկել «Մետա» ընկերություն, ներկայացրել է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարը, վերջինիս նշանակությունը Հայաստանի, մեր պատմության եւ հայ ազգի համար, խնդրել է ներկայացնել Մոնթե Մելքոնյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակի «Վտանգավոր անձանց եւ կազմակերպությունների» ցանկում ընդգրկելու դրդապատճառները, հիմնավորումները, ինչպես նաեւ պահանջել է քայլեր ձեռնարկել Մոնթե Մելքոնյանի՝ վերոնշյալ ցանկից հանելու ուղղությամբ։ Դեսպանության նամակներին կից ներկայացվել են նաեւ ֆեյսբուքյան օգտատերերի արգելափակված էջերի պատճենները»։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ աշխատանքներ են տանում «Մետա»-ին դիմելու ուղղությամբ։ «ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին ֆեյսբուքյան սև ցուցակում ներառելու և Մոնթե Մելքոնյանին վերաբերող գրառումներից հետո օգտահաշիվների արգելափակման հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով աշխատանքներ են իրականացվում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն աշխատանքներ է տանում «Մետա» ընկերությանը պաշտոնապես դիմելու ուղղությամբ: Աշխատանքները ընթացիկ փուլում են»,- պատասխանել են ԲՏԱ նախարարությունից, իսկ հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նախարարությունը Մոնթեի անձի վերաբերյալ, նախարարությունից պատասխանել են․ «Մոնթե Մելքոնյանը Հայաստանի և Արցախի ազգային հերոս է: Նրա կերպարը ոգեշնչող է, ազգային ու պետական մտածողության, հայրենասիրության լավագույն օրինակ սերունդների համար»։
Կառավարության «Հանրային կապեր և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանն էլ է վստահեցնում, որ աշխատանքներ են կատարում․ «Թեման Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) ուշադրության կենտրոնում է դեռ 2020թ.-ից, երբ «Ֆեյսբուք»-ը սկսեց ժամանակավոր սահմանափակումներ կիրառել ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարներով հրապարակումներ իրականացրած օգտատերի նկատմամբ, ապա նաև առավել ակտիվ արգելափակել և ջնջել նրա լուսանկարներով կամ նրա վերաբերյալ գրառումներ իրականացրած օգտահաշիվներն ու էջերը: Խնդրի վերաբերյալ Կենտրոնի կողմից համապարփակ տեղեկատվություն է տրամադրվել տարբեր շահագրգիռ օղակների, այդ թվում՝ ԱԳՆ, վարչապետի աշխատակազմ: Կենտրոնը սեփական նախաձեռնությամբ, ոչ պաշտոնապես բազմիցս բողոքարկել է Ֆեյսբուքի որոշումը՝ վերանայելու Մոնթե Մելքոնյանին առնչվող գրառումները արգելափակելու քաղաքականությունը, որին ի պատասխան՝ մշտապես ստացվել է միևնույն հիմնավորումը, այն է՝ «Ձեր հրապարակումը խախտում է «Ֆեյսբուք» համայնքի՝ վտանգավոր անձանց և կազմակերպություններին վերաբերող նորմերը»: Կենտրոնի կողմից պատրաստվել է նաև Մոնթե Մելքոնյանին՝ Meta-ի վտանգավոր անհատների և կազմակերպությունների ցուցակից հանելուն ուղղված հիմնավորումների փաթեթ, որը ներկայացվել է պատկան մարմիններին։ Մոնթե Մելքոնյանը Արցախի և Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է, ում ավանդը բանակաշինության, Արցախի ազատագրական պայքարում անգնահատելի է: Նրա կերպարը հայ հերոսի լավագույն օրինակներից է, որը կրթելու ու ոգեշնչելու է ներկա ու ապագա սերունդներին»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի ղեկավարը։