Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:56 29-06-2022

Ժողովրդավարությանն ուղղված իրենց հարվածն է, որով ընդդիմադիր պատգամավորներին իրենց գործունեության համար փորձում են «պատժել»․ սահմանադրագետ

Երեկ ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ Էմմա Պալյանը իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին:

Ընդդիմադիր պատգամավորներին պաշտոնից զրկելու ՔՊ-ի որոշման սահմանադրականության շուրջ oragir.news-ը զրուցեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. ««Ծանոթ չեմ նոր արված այդ հայտարարությանը, բայց եթե խոսքը այն գործընթացի վերաբերյալ է, որը մեկնարկել էր՝ խաղաղ հավաքների գործընթացի, սահմանադրական իրենց իրավունքն իրականացնելու ընթացքում պատգամավորներին մանդատներից զրկելու համար, ես կասեմ, որ իշխող ուժը որևէ կերպ իրեն չի կաշկանդում և կայացնում է որոշումներ՝ շատ հաճախ քաղաքական նպատակահարմարությունից ելնող գործողությունները օրենքին համահավասար զուգորդելով։ Մի շարք իրավիճակներում մենք ականատես ենք եղել, թե ինչպես են կոպտորեն խախտվում թե՛ սահմանադրական, թե՛ օրենսդրական տիրույթում ամենահիմնարար կարգավորումները, խախտումներ իրականացվում են ՔՊ-ի կողմից՝ ի դեմս թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունների։

Իսկ ինչ վերաբերում է մանդատներից զրկման գործընթացին, այդպիսի հնարավորություններ՝ պատգամավորների լիազորությունների դադարեցման, Սահմանադրությունը նախատեսում է։ Եթե չեմ սխալվում, իրենք առաջնորդվում են օրացուցային կիսամյակի ընթացքում նիստերի քվեարկությունների բացակայության հիմքով։ Այս գործընթացի մեկնարկելուց (այստեղ պետք է նշենք, որ ՔՊ-ն ունի մանդատների անհրաժեշտ քանակը թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ խորհրդում, որովհետև պետք է ԱԺ-ի խորհուրդը որոշում կայացնի՝ դիմելու ՍԴ պատգամավորների լիազորությունները այդ հիմքով դադարեցնելու համար, ՍԴ-ն էլ վերջնական որոշում է կայացնելու այդ հարցի վերաբերյալ) ամեն դեպքում օրենքի շրջանակում իրենք հնարավորություն ունեն, ՍԴ-ում էլ արդեն իրենց համար կառավարելի կազմի շրջանակները ունեն, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն»։

Պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ ՔՊ-ն կոնկրետ երկու անձի՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի անուններն է նշում, ովքեր պետք է զրկվեն պաշտոնից, այն դեպքում, երբ ընդդիմադիր բոլոր պատգամավորները չեն ներկայացրել նիստին, ի՞նչն է պատճառը նման առանձնացման, Մելոյանն ասաց. «Նախ պետք է ուսումնասիրել պատգամավորների բացակայության ցանկը, թե որը ինչքան է բացակայել, արդյո՞ք համահավասար է այդ թիվը, թե՞ տարբերություն կա։ Պատահական չէ, որ թիրախային ուզում են հենց նման պաշտոնյաներին, այդ պաշտոնները որոշակի կազմակերպչաիրավական բնույթի լրացուցիչ լիազորություններ են պատգամավորներին տալիս, ինչը իրենց խանգարում է՝ իրենց համար ցանկալի գործընթացները արագացնելու, օրինակ, հանձնաժողովի նիստերում, մի շարք նախագծեր։ Մենք չորս տարի էլ ականատես ենք լինում այն իրավիճակին, երբ կրկին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ օրենսդրական գործընթացներն են խանգարվում, օրինակ՝ բերվում են մի շարք նախագծեր և արտահերթ ռեժիմով ընդունվում են մեկ-երկու օրվա ընթացքում՝ առանց ապահովելու դրանց նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները, առանց հանրային լսումներ կազմակերպելու, ինչի ներդրումը մեր օրենսդության մեջ ՀՀ-ի միջազգային պարտավորվածություններից է եկել։

Այս իրավիճակը իմ գնահատմամբ պատահական չէ, և կոնկրետ երկու անձի թիրախավորելն էլ, հնարավոր է, էլի քաղաքական նպատակահարմարություն ստեղծի՝ որպես առավել աչքի ընկած ընդդիմադիրներ»։

Իսկ մեր այն դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորները, խորհրդարանից բացակայելով, կատարել են իրենց քաղաքացիների ցանկությունը, կատարել են աշխատանք, բողոքի ակցիաներ են կազմակերպել, Մելոյանն ասաց. «Իրավական տեսանկյունից, բնականաբար, ես պատահական չեմ նշում, որ պատգամավորները իրացրել են իրենց սահմանադրական իրավունքը՝ հավաքների ազատության, և այդ սահմանադրական իրավունքի միջոցով էլ իրացրել են իրենց ընտրազանգվածի պահանջը։ Սա առնվազն սահմանադրականության տեսանկյունից քննարկման թեմա է։ Ակնհայտ է, որ իշխանության կողմից նախաձեռնված այս պրոցեսը բացառապես և առաջին հերթին քաղաքական նպատակահարմարությամբ է, և փորձում են «պատժիչ» գործունեություն իրականացնել։ Սա ժողովրդավարությանն ուղղված իրենց հարվածն է, որ ընդդիմադիր պատգամավորներին իրենց գործունեության համար փորձում են «պատժել» և դադարեցնել մարդկանց գործունեությունը՝ զրկելով մանդատներից։ Սա դեռ պետք է գործընթաց անցնի, ՍԴ-ում քննարկվի, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ՍԴ-ից կարելի է մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետև այնտեղ էլ իրենք թվաքանակով իրենց համար կառավարելի շրջանակ ունեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում