Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է
հրաժարական տալ։ Ավելի վաղ Oragir.news-ը գրել էր, որ Ջհանգիրյանը պատրաստվում է
մեկնել Գերմանիա։ Մեր տեղեկություններով՝ Գերմանիա մեկնելու համար պաշտոնական պատճառ է ներկայացվելու Ջհանգիրյանի առողջական խնդիրները լուծելը, սակայն իրականում Ջհանգիրյանը մեկնելու է Գերմանիա և այնտեղից հրաժարական ներկայացնի։
Մենք գրել էինք նաև, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գաղտնի ձայնագրության հրապարակումը դատական իշխանությունում մեծ աղմուկ է բարձրացրել, այնպիսի աղմուկ, որը նույնիսկ Ջհանգիրյանը չի կարող մարսել, թեև Հանրայինի եթերում ամեն կերպ փորձեց «կուտ տալ»՝ ասելով, որ Վարդազարյանին է «կուտ տվել», սակայն Ջհանգիրյանի կտերը կարծես թե այլևս ոչ ոք չի պատրաստվում ուտել, Փաշինյանն էլ որոշել է ազատվել նրանից։
«Առողջական խնդիրների պատճառով» հրաժարականները կամ այդ հիմքով երկրից հեռանալն ու հեռվից հրաժարական ներկայացնելը մեզնում նոր իրողություն չեն, վերջերս այդ հիմքով հրաժարական ներկայացրեց հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որը, ըստ պաշտոնական տեղեկության, տարեկան բուժզննման նպատակով մեկնել էր Լոնդոն և այնտեղից հրաժարական ներկայացրել։ Սարգսյանի հրաժարականը նախորդել էր այն բացահայտմանը, ըստ որի՝ նա նաև այլ երկրի՝ Սենտ Քիթս և Նևիսի քաղաքացի է։
Առողջական խնդիրների պատճառով, օրինակ, ժամանակին գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Գևորգ Կոստանյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչ խնդիրներ են, որոնք անհամատեղելի են պաշտոնավարման հետ։ Հետաքրքիր է, որ դրանից հետո Կոստանյանը ընտրվեց պատգամավոր։
Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց 2017 թվականին իշխող Հանրապետականի Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից: 2017 թվականի ապրիլին 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավար ընտրվեց այդ ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանը, ով այդ պաշտոնում ընտրվել էր միաձայն:
2020 թվականի նոյեմբերի 13-ին՝ կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումից 4 օր հետո, հրաժարական տվեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ ՊԵԿ-ից կրկին հայտարարեցին, որ Փաշայանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։