Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:07 27-06-2022

Վնասվել են 100-ից ավելի մեքենաներ, տանիքներ, այգիներ, ճանապարհներ․ Մարտակերտում 40 րոպե կարկուտ է տեղացել

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե կարկուտ է տեղացել, որը բնակչությանը ահռելի նյութական վնասներ է պատճառել:

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։ Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել են նաև տրանսպորտային միջոցներ։



Կարկուտի տեսքով ուժեղ տեղումներ են գրանցվել Գետավանում, Խնկավանում, Վաղուհասում և հարակից մյուս բնակավայրերում։

Ամենաշատը տեղացել է Հաթերքում, որտեղ կարկուտի շերտը հասել է 5 սմ-ի։

Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։



Oragir.news-ի հետ զրույցում ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանն ասաց․

«Այս պահին վնասի ճշտման աշխատանքներ են իրականացվում։ Մենք արձանագրել ենք, որ տարերային աղետ է տեղ ունեցել։ Հիմնականում Մարտակարտի վերին ենթաշրջանում է եղել, այս տարի արդեն երկրորդ դեպքն է, նույն համայնքներին մեծ վնաս է հասցվում։



Օրինակ՝ Վաղուհասում գոմ է փլվել, Հաթերքում մեքենաներ են վնասվել, էլեկտրասյուն է ընկել, էլեկտրալարեր, որի հետևանքով մեքենա է վնասվել, տանիքներ են վնասվել, ընդ որում՝ Հաթերքում կարկուտը եղել է կլոր, ձվի չափ, իսկ Վազուհասում եղել է, այսպես ասած, բեկորների տեսքով, սուր եզրերով։

Այս հատվածներում մեծ վնասներ են կրել, հիմնականում գյուղատնտեսություն է տուժել, բայց թե որքան է վնասի չափը, և ինչ աջակցություն է նախատեսվում պետությունը, մեր իրավական տիրույթում չէ»,- ասաց Հունան Թադևոսյանը ։



Խոսեցինք նաև Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանի հետ, ով մանրամասնեց, թե ինչ վասներ է կրել գյուղը։

«Նախադեպը չունեցող կարկուտ է տեղացել, ամեն հատիկը՝ հավի ձվի չափ։ Հիմանկանում վնասվել են մեքենաներ, տանիքներ և այգիներ։

Հարյուրից ավել մեքենա է վնասվել, մոտ 30 մեքենայի դիմապակի է կոտրվել։ 40-50 տների տանիքներ են կոտրվել, հիմնականում նրանք, որը կղմինդրից է եղել, այդպիսի տանիքների 90% վնասվել է։

Վնասի չափը ամբողջովին դեռ հաշվարկված չէ, մենք զանգել ենք Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, կարկուտ տեղալու ժամանակ վնասի մասին տեղեկացնում ենք, իրենց էջում նախնական գրված էր 3 մեքենա, բայց այդքան չեն, շատ են, 100-ից ավելի են։ Հիմա գյուղատնտեսի հետ փորձում ենք հասկանալ՝ դաշտերում ինչքան վնաս ենք կրել, այստեղ էլ բավականին վնասներ ունենք, բայց կարկուտը հիմնականում տեղացել է հենց համայնքի բնակելի տարածքում։ Տներն է վնասել, ճանապարհները, նաև խմելու ջուրն է վատ վիճակում, հողագնդեր են քանդվել, լցվել խմելու ջրի ակունքը, ճանապահները անանցանելի են դարձել և այլն։



Բոլոր պետական կառույցների դիմել ենք օգնության համար, քաղաքաշինությունից պետք է գան, տները նայեն, մնացածից դեռ տեղեկություն չկա, չգիտեմ՝ կլինի՞ որևէ օգնություն, թե՞ ոչ։ Այս պահին ամենակարևորը տանիքների խնդիրն է, քան որ տներ կան, շատ վատ վիճակում են, որ մարդիկ տեղափոխվում են ուրիշի տուն, մինչև նորոգվի։ Հիմա ամեն օր առատ անձրևներ են գալիս, ու հնարավոր չի մնալ այդ տներում»,- ասաց Հաթերքի համայնքապետը։

Լուսանկարները՝ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության էջից

Ամենից շատ դիտված