Ներքին 4 տարի առաջ - 21:42 13-06-2022

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթում հաղթեց Իտալիայից թավջութակահար Էտտոռե Պագանոն

Տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին բացահայտելու, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը հանրայնացնելու նպատակով Երևանում հունիսի 6-13-ն անցկացվեց Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Էտտոռե Պագանոն (Իտալիա), երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Իվան Սենդեցկի (Ռուսաստան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակակիրների անունները հայտնի դարձան մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մրցույթի հաղթող Էտտոռե Պագանոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարեց Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը:

Մրցույթի առաջին մրցանակակիրն արժանացավ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի: Նա հնարավորություն ստացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու երկու համերգով նվագախմբի 2023-2024 և 2024-2025 համերգաշրջանների ընթացքում: Երկրորդ տեղը զբաղեցնող երաժիշտն արժանացավ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակի, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող թավջութակահարը պարգևատրվեց 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։

Իվան Սենդեցկին, Ջոու Կիտամուրան և Էտտոռե Պագանոն նաև հատուկ մրցանակների արժանացան: Հատուկ մրցանակներ շնորհվեց Գայանե Ասլանյանին, իսկ Միքայել Ոսկանյանն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթին մասնակցելու համար բազմաթիվ դիմորդներ են եղել: «Խաչատրյանի մրցույթը համընկավ այնպիսի կարևորագույն մրցույթների հետ, ինչպիսիք են թագուհի Էլիզաբեթի անվան մրցույթը, «InClassica» լարային գործիքների մրցույթը, սակայն մենք ունեցանք մեծ թվով մասնակիցներ: Առաջին փուլ անցավ 26 մասնակից, որից 18-ը ժամանեց Հայաստան»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է հեղինակավոր մասնագետներից, որոնց խոսքով՝ պայքարը թեժ է եղել:

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն էլ շեշտեց՝ Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ մշտապես տոնական ոգին է տիրում և տոնական մթնոլորտ է ստեղծվում: «Խաչատրյանի երաժշտությունը մեզ սնելու է այն դասականների ուժով, որոնց մենք ճանաչել ենք տասնամյակներ շարունակ և որոնք զարդարում են մեր օրը»,-նշեց մաեստրոն:

2022-ին մրցույթին մասնակցել են երաժիշտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Վենեսուելայից, Կորեայի Հանրապետությունից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Իտալիայից:

Մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից։ Հունիսի 7-ին և 8-ին անցկացվել է մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին՝ երկրորդ փուլը, իսկ 11-ին և 12-ին՝ երրորդ եզրափակիչ փուլը։
Մրցույթի ժյուրին գլխավորել է հանրահայտ ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը, որի սաներն հանդես են գալիս մեծ բեմերում։ Ժյուրիի կազմում են եղել դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին, Վեբերի փառատոնի հիմնադիր տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, զինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար Իշտվան Վարդան, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը և թավջութակահար Յին Ջաոն:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»