Ներքին 4 տարի առաջ - 19:26 11-06-2022

Սա քաղաքական հետապնդում է․ իրավապաշտպանները՝ Եսայանի գործի մասին


Երեկ իր աշխատասենյակից ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։
Վերջինիս բերման են ենթարկել 2 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ առանց նախապես դրա մասին ծանոցելու։

Oragir.news-ը այս մասին զրուցել է իրավապաշտպանների հետ՝ հետաքրքրվելով, թե իրավունքի տեսանկյունից ինչպես են վերաբերվում առանց ծանուցելու անձին բեման ենթարկելուն։ Մեզ հետ զրույցում Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ իր համար անընդունելի է այդ կերպ բերման ենթարկելը․

«Ես շատ բացասական եմ վերաբերվում նման կերպ բերման ենթարկելուն, նրանք կարող էին հրավիրել, քանի որ քրական գործ կար հարուցված, չեմ կարծում, որ նա չէր ներկայանա, եթե հրավիրեին բաժին։
Ես ոստիկանության այդ վարքագիծը չեմ հասկանում, չեմ հասկանում՝ ինչու են այդպես վարվում, միայն Բագրատ Եսայանը չէ, առհասարակ այդ վարքագիծը անհասկանալի է, այդ բեմականացումները, շոուները, որ տեսնում ենք Ոստիկանության կողմից։

Չեմ կարող ասել՝ այս ամենը ինչ միտում կարող է ունենալ, բայց ինչ միտում էլ ունենային, չպետք է այդպես բերման ենթարկեին։ Այդ քրեական գործը հարուցել էին, և Եսայանը չի բացակայել, չի փախել, չի խուսափել քննությունից, կարող էին այդ ձևով բերման չենթարկել, ինձ համար դա անընդունելի է»,-ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասաց․
«Առահասարակ Հայաստանում խոսել իրավունքի և օրենքի մասին անիմաստ է։ Հայաստանում ոչ թե գործում են իրավունքն ու օրենքը, այլ մեկ անձի կամքը, որն զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։

Նա իր ենթակա կառույցներին հրամաններ է տալիս, այսինչին-այնինչին բռնել, քրեական գործ հարուցել, գտնել տարիների ընթացքում ինչ-որ անհեթեթ բան և դրանց համար մարդկանց դեմ քրեական գործեր հարուցել։ Բագրատ Եսայանի հետ կապված գործը այս ամենի մեջ պետք է դիտարկել։ Այսօր ներքաղաքական լարված իրավիճակում, երբ ընդդիմությունը՝ մասնավորապես Դաշնակցությունը, ակտիվորեն մասնակցում է շարժմանը, և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն էլ լուսաբանում է ամբողջ շարժումը, նա էլ «Երկիր մեդիայի» տնօրենն է, ապա հստակ հանձնարարություն է եղել, Բագրատ Եսայանի դեմ գործ հարուցելու։ Այստեղ ինչ-որ իրավական հարցեր փնտրելն անիմաստ զբաղմունք է։

Եթե նույնիսկ նա նոյեմբերի 9-ին դուրս է եկել, ապա համոզված եմ, որ նա որևէ անօրինական բան չի արել։ Եթե անհգամ նա ներկա չլիներ այնտեղ, ապա հանձնարարություն կլիներ, որ օրինակ՝ 2013 թվականին ինչ-որ հարց է եղել, որտեղ Եսայանի ազգականը քրգործի հետ կապ է ունեցել, և հետո այդ գործը կփոխանցեր նրա վրա, և էլի նույն պատմությունը կլիներ։ Ուղղակի հանձնարարական է եղել, և վերջ։

Ես չեմ զարմանա, եթե հանկարծ Դատախազությունը պարզի, որ նրան ազատ արձակող դատավորը մի քանի ամսի առաջ, այսպես ասած, անօրինականություն է կատարել, և քրգործ հարուցվի նրա նկատմամբ կամ նա հեռացվի դատավորի պաշտոնից, ինչպես եղավ Դավիթ Գրիգորյանի կամ Բորիս Բախշիյանի հետ»,-ասաց Իշխանյանը։

Խոսեցինք նաև Լարիսա Ալավերդյանի հետ, ով ասաց, որ այս ամենը արվում է քաղաքական հետապնդումների ներքո․

«Եթե թողնենք մի կողմ այն, ինչ մինչ այդ է եղել, կամ հիմա է լինում, ես պետք է հստակեցնեմ, որ ավելի քան դատապարտելի է, որ առանց նախնական հրավերի, առանց նամակի, անմիջապես գալիս են և աշխատանքային վայրից տանում են կոլեկտիվի աչքի առաջ․ դա ի՞նչ է նշանակում։ Դա, որպես կանոն, ահաբեկչական նշանակություն ունի։ Այսինքն՝ այսպիսի ձևերով ուզում են ահաբեկել ամբողջ կոլեկտիվը, և ընդհանրապես բոլոր ԶԼՄ-ներին, որոնք այսօր ունեն իրենց ինքնուրույն կարծիքը։

Բացի նրանից, որ այս ամենը անիրավական է, դա նաև ամբողջովին խախատում է Եվրոպական կոնվենցիան։
Ես նախ եվ առաջ ողջունում եմ դատարանի որոշումը, որը մերժել է ձերբակալման հայցը, դա, այսպես ասած, հույս է տալիս, որ ամեն ինչ չէ, որ կորած է։

Առհասարակ, շատ է պատահում, որ հարուցված գործով անձին բերման են ենթարկում ավելի ուշ, բայց սա անշուշտ արվում է քաղաքական հետապնդումների ներքո։ Ես համոզված եմ, որ սա քաղաքական հետապնդում է, քանի որ սա տեղի է ունենում երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին զուգահեռ և այդ գործողություններով ուզում են ահաբեկել ամբողջ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։


Ձեզ գուցե հետաքրքրի