Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:45 31-05-2022

Կառավարության շենքի մոտ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել «զանգվածային անկարգություններ» հոդվածով. ձերբակալվել է 8 անձ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ:

2022թ. մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել և հասել են վերը նշված հասցեում գտնվող նախարարություններ՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցի վերաբերյալ:

Արդեն Կառավարական տան դիմաց ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել մասնաշենք, որտեղ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել են, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել իրենց: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք, ինչից հետո մասնակիցները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ տան մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկաններից կազմված պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել նրանց և այդ կերպ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ՝ ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ:
Դրանից հետո, հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե իբրև հեռանում են նշված վայրից և շարունակում երթը Հանրապետության փողոցով դեպի Տիգրան Մեծ պողոտա, իսկ այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Սայաթ-Նովա պողոտայի հատման վայր: Այդ կերպ շեղելով ոստիկանության ծառայողների ուշադրությունը և հասնելով մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի մոտ` հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները, խմբերով, տարբեր ուղղություններով վազել և կրկին առաջացել են դեպի Կառավարական 3-րդ տուն, և չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին` փորձել են կրկին մուտք գործել նախարարություններ, սակայն հանդիպելով ոստիկանական պատնեշին, քաշքշելով, հրելով ու հարվածելով՝ նրանց նկատմամբ կրկին բռնություն են գործադրել:

Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել և խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների և այլնի ձևերով:
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Այս պահի դրությամբ կա ձերբակալված ութ անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին