Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 16:04 12-05-2022

Տեղեկություններ ունենք Ադրբեջանում 2 կին գերիների մասին․ հնարավոր է, որ մոտ ժամանակներս գերիների վերադարձ լինի․ Սիրանուշ Սահակյան

Այս պահին Ադրբեջանում գտնվող հաստատված գերիների մեջ կանայք չկան, բայց ենթադրյալ գերիների մասով 2 կանանց վերաբերյալ տեղեկություններ առկա են։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ 2 կանանց մասով էլ միջազգային դատական գործընթացներ ընթանում են, սակայն նրանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հարազատների թույլտվության անհրաժեշտություն կա։ «Երկու կանայք էլ խաղաղ բնակիչներ են, գերեվարվել են սեփական բնակավայրերից և պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցներ չեն եղել։ Խոսքը տարբեր դրվագների մասին է, ու միմյանց հետ այդ դեպքերը կապ չունեն»։

Փաստաբանն ընդգծեց, որ պաշտոնապես հաստատված 38 ռազմագերի կար, սակայն քանի որ նախորդ ամիս սահմանային դեպք տեղի ունեցավ, և ևս մեկ զինծառայող հայտնվեց ադրբեջանական կողմում, արդյունքում այս պահին 39-ն են, իսկ չհաստատված գերիների թիվը շուրջ 80 է։

Սահակյանի խոսքերով՝ Ադրբեջանի՝ շուրջ 80 գերիների մասով տեղեկությունները թաքցնելու պատճառները տարբեր կարող են լինել։ «Մեկը, որ այդ գերիներին հավելյալ քաղաքական բանակցությունների առարկա կդարձնի, երկրորդը՝ պարզապես տեղի են ունեցել նրանց սպանություններ։ Եթե պաշտոնականացնեն, սակայն այդ անձինք ողջ չհայրենադարձվեն, ապա դրանով իրենք կհիմնավորեն սեփական ղեկավարության միջազգային պատասխանատվությունը։ Դրա համար չհաստատման ճանապարհով փորձում են խուսափել պատասխանատվությունից և հերքել կատարած պատերազմական հանցագործությունները, բայց սա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ կան դատական գործընթացներ, այդ գործընթացներում ապացուցման բեռ գոյություն ունի, և սա մեծապես ընկած է լինելու Ադրբեջանի վրա։ Հայկական կողմը հաջողությամբ հիմնավորում է, որ այդ մարդիկ մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ պահին եղել են ողջ։ Կան մարդիկ, որոնք ապացուցում են, որ նրանք գերեվարված են եղել, ուստի այդ փաստերը հերքելու բեռը Ադրբեջանինն է, եթե չկարողացավ հերքել՝ անկախ նրանից, որ կեղծարարության են դիմելու, ու դա չի հաջողվելու, միջազգայնորեն դատարանը կհաստատի փաստը»։

Նա տեղեկացրեց նաև, որ այս փուլում բոլոր դատական գործերը կոմունիկացիայի փուլում են։ «Այս պահին այնտեղ պահվող ռազմագերիների առնչությամբ ադրբեջանական կողմը բժշկական բնույթի տեղեկություններ է տրամադրում դատարանին և կողմերին։ Մենք դրանց վերաբերյալ դիրքորոշումներ ենք արտահայտում, իսկ մյուս գործերով սպասում ենք կոմունիկացիային, որ արդեն փոխանցվեն գործերը Ադրբեջանի կառավարությանը, կունենանք իրենց դիրքորոշումը և կարողանանք պատասխանել դրանց»։

Անդրադառնալով տևական ժամանակ գերիների վերադարձի բացակայությունը՝ նա ընդգծեց, որ սա պայմանավորված է քաղաքական գործընթացներով։ «Այսինքն ընդամենը պետք է հասկանալ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-ռուսական, հայ-արևմտյան և արմերիկյան հարաբերություններում ինչպիսի զարգացումներ կան, ինչ գործընթացներ են տեղի ունենում, քանի որ գերիների վերադարձը բացառապես պայմանավորված է այդ գործընթացներով։

Կարծում եմ՝ հաշվի առնելով, որ հայտարարություններ եղան և առնվազն ամերիկյան կողմը սկսեց խոսել ռազմական գերիների վերադարձի մասին, հետևաբար շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներս ռազմագերիների վերադարձ լինի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր քաղաքական բանակցությունների օրակարգում ինչ տեղաշարժեր կլինեն, այդ տեղաշարժերով էլ հենց պայմանավորված են լինում գերիների հայրենադարձությունները»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին