Միտք 4 տարի առաջ - 10:36 26-04-2022

Երբ սպառվում են բոլոր ելքերն ու հնարները, մենք ենք դառնում հնար և մեր ելքը

2022 թվականի ապրիլը, երբ նորից ժողովուրդը փողոց ու հրապարակ է դուրս գալիս՝ երթերի ու հանրահավաքների, դժվարանում եմ ամբողջովին համեմատել կամ նույնացնել մեր ապրած վերջին 30-35 տարիների քաղաքական ու սոցիալական հուզումների, ընդվզումների ու համախմբումների հետ: 1996-ի նախագահական ընտրություններից հետո ժողովրդական հուզումների նպատակն էր անվավեր ճանաչել արդյունքները և նշանակել նոր ընտրություններ: 2008-ի հանրահավաքների ու ընդվզումների պահանջը նույնն էր՝ չճանաչել ընտրությունների արդյունքները և նշանակել նորը: 2018-ին այլ էր՝ թավշե հեղափոխություն կամ փողոցի ու հանրային ճնշման տակ իշխանության գալ:

Թերևս 1988-ի փետրվարի հետ կարելի է համեմատել 2022-ի ապրիլը, բայց ոչ ամբողջովին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա նժարին դրված են Արցախի հայաթափումը, արցախահայության ոչնչացումը: Բայց սա մի մասն է մեր ներկա վիճակի, տագնապի ու ահազանգի: Այսօր Արցախի կորստյան հետ նժարին դրված է նաև կորսվելիք Հայաստանը, մեր պետականությունը և առհասարակ գոյության իրավունքը, լինել-չլինելու խնդիրը: Այս սկզբնավորվող, մեկնարկվող ընդվզումն ուղղված է մեր գոյապահպանությանը, վաղվա օրվա մեջ մեր լինելիությանը:

Հազարամյակների խորքերից եկող մեր ժողովուրդն իր ներսում անթեղած բերել է մի կենսական հատկանիշ, հոգեկերտվածք, այն է՝ օրհասական ու ճակատագրական պահերին ոչ թե իրեն կորցնում կամ ընկրկում է՝ մատնվելով բախտի քմահաճույքին ու տարերքին, այլ կանգնում է ինչպես ժայռը շանթերի դեմ և իր գոյության իրավունքը վերստին հաստատում իր հողի վրա: Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի. հենց այդպես: Երբ դանակը հասնում է ոսկորին, ինչպես ուղղակի ասված է մեր էպոսում:

Մենք հաճախ հարցնում ենք միմյանց, թե ինչպես ենք դիմացել դարերի փորձությանը, երբ ակամա դիմանալու ոչ մի հնար չի եղել: Հենց այդ հատկանիշի, հոգեկերտվածքի շնորհիվ: Հիմա պատմական նույն իրավիճակն է, ճակատագրական նույն փորձությունը և նորից մեր ժողովրդի կանգնելու պահը: Երբ սպառվում են բոլոր ելքերն ու հնարները, մենք ենք դառնում հնար և մեր ելքը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը