Ներքին 4 տարի առաջ - 15:32 25-04-2022

Ռումինիան չկատարած պարտք ունի հայերի հանդեպ. Վարուժան Փամբուկչյան

Ռումինիայի Պատգամավորների պալատի հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուչյանը խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։

Փամբուկչյանն ընդգծել է՝ որպեսզի ցեղասպանության հանցագործությունը երբեք չկրկնվի, յուրաքանչյուր ցեղասպանություն պետք է ճանաչվի։ «Որպեսզի այլևս երբեք չկրկնվի, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Որպեսզի այլևս երբեք չկրկնվի ժխտողականությունը և դրան հաջորդած պատմությունը կեղծելու փորձը, այն պետք է մերժվի և պատժվի։ Որպեսզի այլևս երբեք չկրկնվի, միջազգային հանրությունը պետք է հաշտեցման ցանկացած գործընթացի վկան և երաշխավորը լինի»,- ասել է Փամբուկչյանը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ ճանաչվել է ցեղասպանության միայն մեկ հանցագործություն: «Ես խոսում եմ Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ապացուցվեց, թե ինչպես կարող են նման վայրագություններ կատարածները արժանապատվություն և ուժ գտնել այն ընդունելու, ներողություն խնդրելու և առաջ շարժվելու համար: Նման գործընթացը բերում է նորմալացման և թույլ է տալիս մարդկանց ապրել իրենց նախորդների կատարած հանցագործությունների հետ, բայց հալածված չլինել անցյալի ուրվականներով: Միջազգային հանրության աչքում նման ժողովուրդը նորից սկսում է ընկալվել որպես վստահություն վայելող ։ Յուրաքանչյուր ցեղասպանություն ողջ մարդկության խնդիրն է, և պետք է սկսել Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից, 20-րդ դարի, այսինքն՝ ժամանակակից աշխարհի առաջին ցեղասպանությունից։ Պետք է սկսել սկզբից․ մենք այնքան ենք խոսել Ցեղասպանության մասին, որ այսօր՝ Ցեղասպանության հերթական տարելիցին, ես նախընտրում եմ ասել միայն «այլևս երբեք»՝ հավատալով, որ մարդկությունն ուժ կգտնի գերազանցելու ցանկացած շահ, հասնելու դրա միաձայն ճանաչմանը և աջակցելու ապագա սերունդների հաշտեցման գործընթացին»,- ասել է նա:

Փամբուկչյանը հավելել է՝ Ռումինիան, որը գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից փախած ոչ մեծաթիվ փախստականների, դեռևս չկատարված պարտք ունի հայերի հանդեպ՝ Ցեղասպանությունը ճանաչելու առումով։ «Յուրաքանչյուր ազգ, որը դեռ չի գնացել այս քայլին, նման պարտք ունի միջազգային հանրության հանդեպ։ Քանզի այն միայն հայերի և թուրքերի խնդիր չէ, ինչպես Հոլոքոստը՝ միայն հրեաների և գերմանացիների խնդիրը չէ. դա ողջ մարդկության խնդիրն է, որովհետև ատելության վրա կառուցված և անցյալի ուրվականներով հետապնդվող աշխարհը ֆունկցիոնալ չէ՝ այժմ և ցանկացած հնարավոր ապագայում»,- ասել է Վարուժան Փամբուկչյանը:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում