Արտաքին 4 տարի առաջ - 11:09 24-04-2022

Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանության փաստը, սակայն մենք երբեք չենք մոռանա. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը խոստանում է մշտապես լինել հայկական համայնքի կողքին՝ ոչ միայն ոգեկոչելու ցեղասպանության զոհերին, այլև պահանջելու խաղաղություն Արցախի ու հայ ժողովրդի համար: Այս մասին նա նշել է տեսաուղերձում.

«107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդին ոչնչացնելու համակարգված ծրագիր իրականացրեց, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանք: Չնայած այս զանգվածային սպանությունների վերաբերյալ առկա մեծաթիվ ապացույցների՝ Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանության փաստը: Նրանք ցանկանում են, որ աշխարհը մոռանա, սակայն մենք չենք մոռանա: Մենք երբեք չենք մոռանա:

Իմ տասնյակ հազարավոր ընտրողների համար Ցեղասպանության ճանաչումը ողջ կյանքի պայքարի արդյունք էր: Դա շատ անձնական էր նաև ինձ համար: Ես շփվել եմ ցեղասպանություն վերապրածների հետ, նրանք ինձ ընդունել են իրենց տանը, ես լսել եմ նրանց ծնողների,եղբայրների ու քույրերի սպանությունների, նրանց տների և ընտանիքների կառուցած կյանքերի կործանման մասին պատմությունները: Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք վերստին ապրում նույն ցավը, երբ արցունքները գլորվում էին նրանց դեմքին:

20 տարի շարունակ ես ներկայացրել եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: 2019 թվականին պատմության մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունեցին այս բանաձևը գրեթե միաձայն կերպով՝ հաստատելով Հայոց ցեղասպանության փաստը:

Իսկ նախորդ տարի նախագահ Ջո Բայդենը կոտրեց մեր երկրի՝ տասնյակ տարիներ շարունակվող լռության ամոթը՝ դառնալով առաջին գործող նախագահը, ով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս պատմական անկյունաքարային իրադարձությունները հնարավոր եղան ձեր, ինչպես նաև հզոր ու համառ հայկական Սփյուռքի շնորհիվ:

Հիշելով Հայոց ցեղասպանության ընթացքում գրանցված զոհերին՝ մենք նաև հիշատակում ենք հայ ժողովրդի դեմ վերջերս սանձազերծված բռնության զոհերին: Նրանց, ովքեր զոհվեցին Արցախում, հազարավորներին, ովքեր ստիպված էին ադրբեջանական ու թուրքական բռնությունների պատճառով լքել իրենց տունը, ինչպես նաև նրանց, ովքեր մնացել են որպես ռազմագերի, նրանց, ովքեր առ այսօր ապրում են նորից հարձակման ենթարկվելու վախը սրտում:

Ես մշտապես կլինեմ հայկական համայնքի կողքին՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերին, ինչպես նաև մշտապես կսատարեմ հայկական համայնքին՝ պահանջելով խաղաղություն Արցախի ու հայ ժողովրդի համար: Ես առաջ կտանեմ մեր պայքարը՝ հանուն մնացած հայ ռազմագերիների ապահով ու առանց նախապայմանների ազատ արձակման»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում