Ներքին 4 տարի առաջ - 10:40 07-04-2022

Որոշվել է ԱԳ նախարարներին հանձնարարել խաղաղության փաստաթղթի պատրաստումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու եւ երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարության մեջ։

«Նախագահ Միշելը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ-ի հանձնառությունը՝ լարվածությունը հաղթահարելու եւ անվտանգ, կայուն, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացման համար, ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Ղեկավարներն ամփոփել են զարգացումները 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո եւ 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեսակոնֆերանսից հետո: Նրանք վերանայել են իրենց վրա վերցրած պարտավորությունների կատարման առաջընթացը: Նրանք քննարկել են լարվածության մասին վերջին հաղորդումները եւ հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք պահպանման անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը եւ համաձայնել են այդ փոխգործակցության շարունակման անհրաժեշտության հետ՝ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համարժեք իրականացումն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարեւորությունը՝ «վստահության ամրապնդման եւ խաղաղ գոյակցության համար»։

«Նա ընդգծել է չլուծված բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական եւ արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ կալանքի տակ մնացածների ազատ արձակումը եւ անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, եւ հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։ ԵՄ-ն նաեւ կշարունակի աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաեւ հումանիտար ականազերծման ջանքերին, ներառյալ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրումը եւ ֆինանսական օգնության ավելացումը, ինչպես նաեւ օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, նրանց ռեաբիլիտացիային եւ վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Շառլ Միշելը նշել է ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի կողմից հայտարարված՝ արագորեն դեպի իրենց երկրների միջեւ խաղաղության համաձայնագիրը շարժվելու ցանկությունը, ասվում է հայտարարության մեջ։ Այդ նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որում կդիտարկվեն բոլոր անհրաժեշտ հարցերը։

«Կարեւոր նշանակություն կունենա երկկողմ սահմանազատումն ու սահմանագծումը։ Այդ նպատակով, 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության համաձայն, որոշվել է նաեւ մինչեւ ապրիլի վերջը Սահմանային համատեղ հանձնաժողով գումարել։ Սահմանային համատեղ հանձնաժողովի մանդատը լինելու է հետեւյալը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ սահմանի զատումը եւ սահմանի երկայնքով ու մերձակայքում կայուն անվտանգության իրավիճակի ապահովումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միշելը նաեւ ընդգծել է, որ ուժերի միջեւ համապատասխան հեռավորության պահպանումը միջադեպերի կանխման եւ լարվածությունը նվազեցնելու կարեւոր տարր է։ Նա հաստատել է խորհրդատվություններ եւ աջակցություն տրամադրելու ԵՄ-ի պատրաստակամությունը։

«Առաջնորդները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապի/կապող միջոցների ենթակառուցվածքի վերականգնման հարցը մասնավորապես եւ Հարավային Կովկասում ընդհանրապես։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով նաեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը վերականգնելու արդյունավետ լուծումներ գտնել։ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հաղորդակցության ուղիների զարգացման հարցում, այդ թվում՝ իր Տնտեսական եւ ներդրումային ծրագրին համապատասխան եւ առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումի օգտագործման ճանապարհով՝ ընդհանուր նախագծերը որոշելու համար:

Առաջնորդները պայմանավորվել են հետեւել իրենց հանդիպման արդյունքներին եւ շարունակել փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի

Ձեզ գուցե հետաքրքրի