Միտք 4 տարի առաջ - 21:36 25-03-2022

Փառուխը դժգույն գյո՞ւղ էր, թե՞ բռնագաղթի դեմ կանգնող կա

Ականատեսի վկայությամբ՝ մարտի 24-ին Փառուխի գյուղացիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արագորեն լքել են գյուղը, ինչից հետո այնտեղ տեղակայվել են ադրբեջանցի զինվորականները։ Պարզ ասած՝ տեղի է ունեցել էթնիկ զտում, դատարկվել է հայաբնակ գյուղը։ Այս գործողություններին զուգահեռ ՌԴ պաշտպանության նախարարը մարտի 24-ի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, քննարկել Արցախում իրավիճակի լարվածության հարցը։

Սակայն այդ զրույցններից հետո լարվածությունը չի թուլացել։ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ պայմանագրային 3 զինծառայող: Ադրբեջանիցների մեկնաբանմամբ՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են դիրքերի տեղորոշման և տեղակայման կետերի ճշտման գործընթացը:

Արցախում իրավիճակի սրման առիթով Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Նրան ընդունել է ՀՀ ԱԳ նախարարն ու պատմել Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին ադրբեջանական ներխուժման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունների, էթնիկ զտմանն ուղղված քայլերի մասին: Նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։

Համադրելով իրադարձությունները՝ կարելի եզրակացնել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը Արցախում տեղի ունեցող ռազմական տեղաշարժին չեն մասնակցում։ Արցախի ՊԲ-ն միայնակ է դիմադրում ներխուժմանը։ Ռուս խաղաղապահները աջակցում են մեր չբարեկամին՝ վերջինիս դիրքերի առաջխաղացման հարցում, նաև աջակցում արցախցիներին՝ վերջիններիս անվտանգ բռնագաղթը կազմակերպելու հարցում։

Երևան ժամանած Անջեյ Կասպրչիկը ՀՀ ԱԳ նախարարի հետ զրույցից հետո, ենթադրաբար, կապվել է ռուս բարձրագույն պաշտոնյայի հետ, որից հետո ՌԴ պաշտպանության նախարարը կրկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, որից կես ժամ անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ «Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ արձանագրում ենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Սակայն, միաժամանակ ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում»:

Առաջին անգամ է, որ Արցախում ռուս խաղաղապահների աշխատանքը համարում են «չհաջողված»։ 44-օրյա պատերազմից հետո կար մտավախություն, որ ռուս խաղաղապահները Արցախից հեռանալուց առաջ փորձելու են տեղահանել հայ բնակչությանը՝ «անվտանգության» նկատառումներով։ Դրա առաջին փորձը Փառուխն էր, երբ փառուխցիները, խաղաղապահների ուղեկցությամբ, լքեցին գյուղը։

Այս իրավիճակում հայ քաղաքական համայնքն ունի երկու տարբերակ։ Առաջինը և հավանականն այն է, որ Փառուխը կորակվի դժգույն գյուղ։ Երկրորդ տարբերակն այն է, որ քաղաքական և զինվորական համայնքները կդիմադրեն և թույլ չեն տա հայաթափել Արցախը, նույնիսկ եթե այդ մասին շատ խնդրեն ռուս գործընկերները։


Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին