Մամուլ 5 տարի առաջ - 12:46 30-01-2021

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԺԳՈՒՅՆ ԱՊԱԳԱՆ․ 168 ԺԱՄ

«Մենք անհատապաշտ հասարակություն ենք՝ անհատին անմոռաց երկրպագող ու նույնքան անհուսորեն ատող հասարակություն։

Մենք ապրում ենք հերոսների ու հակահերոսների աշխարհում, մեր կերտած աշխարհում, որտեղ կան մարդիկ, անհատներ, կուռքեր ու հակակուռքեր, և չկան գաղափարներ, մտքեր ու համակարգեր։

Սա խորքային խնդիր է և պայմանավորված է նաև պետություն, պետականություն ու դրանց համապատասխան ավանդույթներ չունենալու իրողությամբ։ Նաև կրթական ցենզով, անշուշտ։ Ցածր ցենզով, դժբախտաբար։

Ավելի հասուն հասարակություններում կա ըմբռնում, որ անհատները, որքան էլ կարևոր լինեն պետության կյանքում, միևնույն է, առավել կարևոր են համակարգերը, որոնց պետք է ծառայեն անհատները։ Թեկուզ ամենապաշտելի։

Հայաստանում անկախության երեսուն տարիների ընթացքում համակարգերը չեն կայացել այնպես ու այնքան, որ անհատների դերը ստորադասվի կառուցակարգերին, որպեսզի անհատները իշխանության գան ոչ թե համակարգերն իրենց ծառայեցնելու, այլ համակարգերին ծառայելու համար։ Այս խնդրի հիմքը, անշուշտ, քաղաքական է և բխում է, իր հերթին՝ քաղաքական համակարգի անկատարությունից կամ դեգրադացվածությունից։

Նորանկախ Հայաստանում քաղաքական համակարգերը գոյացել ու զարգացել են ոչ թե գաղափարների, ծրագրերի, հայեցակարգերի, դրանց բախման արդյունքում, այլ առավելապես անձերի շուրջ։ Արդյունքում՝ առաջին պլան են մղվել ոչ թե ավելի գաղափարականներն ու ավելի ինտելեկտուալները, այլ շուստրիներից՝ առավել շուստրիները, խաբողներից՝ առավել խաբեբաները։ Քաղաքական մրցակցությունն էլ ընթացել ու ընթանում է ոչ թե գաղափարների ու ծրագրերի, այլ հենց այդ անհատների շուստրիության հարցի շուրջ։

Այս հարցում հասարակությունն ունի իր պասիվ մեղավորությունը, քանի որ լայն իմաստով հենց հասարակությունն է ներկայացնում ոչ թե գաղափարների ու ծրագրերի, այլ անհատների՝ հերոսների ու փրկիչների պահանջարկ։ Մյուս կողմից, սակայն, քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ ոչ միայն ու ոչ այնքան պահանջարկն է առաջարկ ձևավորում, այլ հակառակը՝ առաջարկն է ինքնաբերաբար դառնում պահանջարկ դրդող, կամ այդպես է ներկայացվում հանրությանը։ Իսկ անհատի կամ հերոսի պահանջարկն ինքնաբերաբար գոյացնում է նաև հակահերոսներ կամ ներքին թշնամիներ, իսկ որպես կանոն՝ հասարակության կողմից հերոս կարգվածներն են կերտում սեփական հակահերոսներին, որովհետև անգաղափար փրկիչը չի կարող գոյատևել առանց թշնամու կերպարի։

Այս իրողություններն են ուղեկցել Հայաստանի քաղաքական կյանքը տասնամյակներ շարունակ, այսօր դրանք կենսունակ են առավել ևս։

Նիկոլ Փաշինյանը՝ ինքն անգաղափար հերոսի դասական օրինակ է, որը ժամանակին իրեն կայացրել, իսկ այսօր շարունակում է գոյություն ունենալ առավելապես հակահերոսների, իր ստեղծած ներքին թշնամիների շնորհիվ։ «Նախկինները», «թալանը», «կոռուպցիան» և էլի շատ՝ հանրության մեջ ներարկված ստերեոտիպերը Նիկոլ Փաշինյանին օգնում են միշտ տաք պահել թշնամիների, հակահերոսների թեման, որոնց համատեքստում էլ ինքը ներկայանում է կամ փորձում է ներկայանալ՝ որպես հերոս կամ փրկիչ։
Անհատապաշտ/անհատատող հասարակությունները չեն կարող ունենալ զարգացման պատմական հեռանկար, որովհետև անձերը՝ նույնիսկ գերբնական, չեն կարող լինել պետությունների բարգավաճման գրավականը, նրանք լավագույն դեպքում կարող են շարժիչ ուժի դեր խաղալ։ Առանց գաղափարների չի կարող լինել քաղաքականություն, անձերը քաղաքականության մեջ սոսկ գաղափարների իրագործողներն են։

Հայաստանում այս բանաձևը խախտվել է վաղուց, կամ խախտված է եղել ի սկզբանե․ քաղաքականությունը շատ հաճախ լցվել է անգաղափար անձերով՝ խեղաթյուրելով քաղաքականության փիլիսոփայությունն ինքնին։ Մինչև չվերականգնվի քաղաքականության այս ալգորիթմը, մինչև քաղաքականությունը, բացի անձերից, չլցվի նաև ու առաջին հերթին՝ գաղափարներով, հասարակությունն ու պետությունը շարունակելու են խարխափել հերոսների ու հակահերոսների շրջափուլերում։ Այդ հերթագայության մեջ, ի դեպ, ամենահեշտը հակահերոսներ են դառնում նախկին հերոսները կամ փրկիչները, հանրային հոգեբանության մեխանիզմն է այդպիսին։

Ուստի, 2018 թվականին հերոսի դափնիներով իշխանության բերված Նիկոլ Փաշինյանն ապագա հակահերոսի կամ թշնամու ամենահավանական թեկնածուն է։ Պատմական շատ երկար ժամանակահատվածի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում