Ներքին 4 տարի առաջ - 16:17 04-03-2022

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները փոխանակվել են ուղերձներով

Հայաստանը և Լիբանանը այսօր՝ մարտի 4-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Աբդալլահ Բու Հաբիբը մարտի 4-ին ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանը իր ուղերձում նշել է, որ 30 տարի առաջ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանը և Լիբանանն ամրագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը պետական համագործակցության մեկնարկով։ Նա ընդգծել է լիբանանահայ համայնքի եզակի և անգնահատելի դերը երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը ամուր հիմք ստեղծեց ձևավորելու երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդգրկուն դաշտ, ինչպես նաև՝ միջմարդկային շփումների լայն շրջանակ, որը լավագույնս դրսևորվել է մարտահրավերները և դժվարին օրերը կողք կողքի հաղթահարելու վճռականությամբ և պատրաստակամությամբ:

«Մեծապես կարևորելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ ավանդույթները՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել երկկողմ փոխշահավետ համագործակցության լայն շրջանակին», - հաղորդում է Արտգործնախարարությունը:

Լիբանանի արտգործնախարարն էլ իր ուղերձում շեշտել է՝ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշվում է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման ամուր հաստատակամությամբ: Աբդալլահ Բու Հաբիբը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու ժողովուրդների պատմական բարեկամության բնական շարունակականությունն էր, որտեղ իր ուրույն դերն ունի Լիբանանի հայ համայնքը՝ որպես լիբանանյան հասարակական կառուցվածքի ընդգրկուն և առանցքային բաղադրիչ:

«Նախարար Բու Հաբիբն իր ուղերձում կարևորել է երկու երկրների և ժողովուրդների ամուր բարեկամությունը խաղաղության և բարդ ժամանակներում՝ իր երախտագիտությունը հայտնելով ՅՈՒՆԻՖԻԼ-ում Հայաստանի մասնակցությանը և հաստատակամ մնալով Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության Լիբանանի անխախտ դիրքորոշմանը», - հավելում է ՀՀ ԱԳՆ-ը:

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. մարտի 4-ին: Հենց այդ օրն է ստորագրվել «ՀՀ և ԼՀ միջև դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:

Հայաստանը և Լիբանանը բարեկամական և գործընկերային բարձր մակարդակի հարաբերություններ ունեն: 30 տարվա ընթացքում միայն հայկական կողմից մեկ տասնյակից ավելի բարձր և բարձրագույն մակարդակի այցեր են եղել Լիբանան: Վերջինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն է 2018 թ. հոկտեմբերին: 2018 թ. փետրվարին պաշտոնական այցով Հայաստան է եկել Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Կողմերի միջև միջպետական հարաբերությունների 30-ամյա ժամանակաշրջանում ստորագրվել են՝ տասնյակ պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ՝ լրացնելով երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտը:

Երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Լիբանանի միջև 2021 թ. կազմել է 2, 650 000 ԱՄՆ դոլար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին