Ներքին 4 տարի առաջ - 21:19 02-03-2022

Դիմակը հանելը պայմանավորված է ոչ միայն իրավիճակի կայունացմամբ

Առողջապահության նախարարությունը լավ լուր է ավետել։ Վաղվանից փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը չի կիրառվելու, բացառությամբ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Լավատեսական ենթադրություն կա, որ 1-2 ամսից հակահամավարակային բոլոր սահմանափակումները կհանվեն, և աշխարհը հրաժեշտ կտա համավարակին։ Ավելի ճիշտ՝ կորոնավիրուսը կհայտարարվի շարքային հիվանդություն, որը հնարավոր է բուժել, մասամբ՝ տնային պայմաններում։ Այս երկար սպասված փոփոխությունը հույս է ներշնչում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը մոտենում է հաղթական ավարտին։

Հիշենք, որ 2020 թվականի մարտին համավարակ հայտարարած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակեց կանխատեսում, թե որ երկրում քանի մարդ կվարակվի ու կմահանա։ Այդ շարքում կանխատեսվում էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու է մոտ 500 հազար մարդ, որից 9 հազարը մահանալու է։ Դիտելով համավարակի ընդհանուր թվերը՝ կարող ենք նկատել, որ ԱՀԿ կանխատեսումը գրեթե իրականացել է։ Մեծ մասամբ իրականացվել են նաև այլ երկրների համար արված կանխատեսումները։ Սա նշանակում է, որ ժամանակն է հանելու սահմանափակումները և վերադառնալու նախակորոնավիրուսային կյանքին։

Հիշենք նաև, որ հակակորոնավիրուսային սահմանափակումները բացասաբար են ազդել ՀՀ տնտեսության վրա, տուժել են ոլորտներ, բազմաթիվ մարդիկ փոխել են աշխատանքը։ Այս առումով՝ սահմանափակումները հանելը կարող է տնտեսական լրացուցիչ ակտիվություն հաղորդել և պետական բյուջե հավելյալ մուտքեր ապահովել։ Եթե հաշվի առնենք նաև, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շղթայաբար ազդելու են ՀՀ տնտեսության վրա, ապա սահմանափակումները հանելը կապված է ոչ այնքան կորոնավիրուսային իրավիճակի կայունացմամբ, ինչքան մոտեցող ճգնաժամից պաշտպանվելու և հարկային հավելյալ մուտքեր ապահովելու հետաքրքրությամբ։

Սակայն հոռետեսական տեսակետ կա, թե դիմակ կրելու պահանջը հանելուց հետո էլ որոշ մարդիկ իներցիայով կշարունակեն դիմակ կրել խանութում, բանկում, տրանսպորտում, ձեռքով չբարևել, պահպանել հեռավորություն, վախենալ վարակվելուց և այլն։ Այդ իներցիան պայմանավորված կլինի ոչ միայն սովորութային ուժով, այլև այն վախերով, որոնք առաջացել են համավարակից հազարավոր մահերի և քարոզչական սարսափների ազդեցությամբ։ Մասնավորապես՝ հարազատի մահը տեսած կամ հիվանդությունը ծանր տարած մարդկանց մի մասը որոշ ժամանակ կշարունակի դիմակ կրել և խուսափել մարդկային շփումներից։ Այսինքն՝ թեև դիմակ կրելու պահանջն արդեն հանվել է, և մյուս սահմանափակումներն էլ շուտով կհանվեն, սակայն մարդիկ ակտիվ գործարար կյանքին շուտ չեն վերադառնա, և ակնկալվող տնտեսական ակտիվության սրընթաց աճը չի գրանցվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում