Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:51 16-02-2022

Թուրքիան փորձում է հասնել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման

2023 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է կարգավորել տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով իսրայելական վեկտորին: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի շրջանակում Իսրայելի նախագահ Իցհաք Հերցոգը Էրդողանի հրավերով մարտի 9-10-ն այցելելու է Թուրքիա: Ըստ «Hurriyet»-ի՝ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը փետրվարի 16-17-ը Հերցոգի այցից առաջ հանդիպումներ են ունենալու ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի իշխանությունների հետ: Քալընին և Օնալին ընդունելու է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ինչից հետո թուրքական կողմը բանակցությունները շարունակելու է իսրայելցի գործընկերների հետ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը նախապես այցելելու է Անկարա` հանդիպելու Քալընի հետ, որպեսզի նախապատրաստի նախագահի այցը Թուրքիա։

Ըստ էության, Պաղեստինում թուրք դիվանագետները փոխանցելու են այն ուղերձը, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվում է Պաղեստինի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող իր երկարամյա քաղաքականությունից և պետական աջակցությունից։ Ամենևին զարմանալի չէ, որ «TRT Haber»-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքերն Իսրայելի հետ իրենց հարաբերությունները չեն կարգավորելու Պաղեստինի հաշվին՝ հավելելով, որ Իսրայելում այդ մասին հրաշալի գիտեն: Ընդ որում, դիվանագետը հերթական անգամ բարձրացրել է Երուսաղեմի և Ալ-Ակսա մզկիթի հարցը: Վերջինս գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքում և մուսուլմանական աշխարհի գլխավոր երեք սրբավայրերից է, ինչը նշանակում է, որ հարցի կարգավորման հանձնառությունը ստանձնելով՝ Թուրքիան փորձում է ստանձնել նաև ումմայի առաջնորդի դերը:

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունը բավականին մոտ է հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացին, քանի որ եթե հայկական պատվիրակության հետ օրակարգային գլխավոր հարցը լինելու է դիվանագիտական հարաբերությունների վերահաստատումը, ապա իսրայելական կողմի հետ՝ արտակարգ և լիազոր դեսպանների նշանակումը: Բացի այդ, թե՛ հայկական, թե՛ իսրայելական կողմի հետ Թուրքիան մշակելու է ճանապարհային համանման քարտեզ, որը ներառելու է քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և էներգետիկ բնագավառներում երկկողմ հարաբերությունների համապարփակ զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Հետևապես զարմանալի չէ, որ փետրվարի 16-ին Էրդողանի գլխավորությամբ հրավիրվող կառավարության նիստի ընթացքում ուկրաինական ճգնաժամի, ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի կազմակերպչական հարցերին զուգահեռ քննարկվելու է նաև մարտին Իսրայելի նախագահ Իցհաք Հերցոգի նախատեսվող այցը Թուրքիա: Ընդ որում, այս հարցի քննարկումը սերտորեն առնչվում է նաև ԱՄԷ-ի հետ հարաբերություններ խորացման գործընթացին: Բայց, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան Իսրայելի հետ սերտորեն գործակցել է նաև առանց դեսպանների: Օրինակ իսրայելական կողմի փոխանցմամբ՝ վերջին երկու տարիներին Իսրայելն օգնել է Թուրքիային կանխելու ահաբեկչական 12 գործողություն, ինչը նշանակում է, որ Մոսսադը՝ Իսրայելի արտաքին հետախուզության գործակալությունը, մշտական կապի մեջ է եղել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության հետ: Համագործակցության ցայտուն դրսևորում կարելի է համարել նաև իսրայելցի գործարարի սպանության մասին մանրամասների բացահայտումը: Հատկանշական է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների ջերմացման ֆոնին թուրքական մեդիայի հաղորդմամբ՝ ենթադրյալ մահափորձը կապված է Իրանի հետ, որի նպատակն էր վրեժ լուծել Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար: Ընդ որում, ինչպես Իրանում, այնպես էլ Թուրքիայում ցայսօր տարածված է այն թեզը, որ 2020 թվականի նոյեմբերին հենց Մոսսադն էր կազմակերպել իրանցի անվանի ֆիզիկոսի սպանությունը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի