Արտաքին 4 տարի առաջ - 19:17 04-02-2022

Մակրոնն ու Շոլցը շուտով կայցելեն Մոսկվա և Կիև

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները շուտով կայցելեն Մոսկվա և Կիև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության վերջին սրումը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվա կժամանի երկուշաբթի՝ փետրվարի 7-ին։ Նախատեսվում են նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցը հաստատել են և՛ Ելիսեյան պալատը, և՛ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ այն անվանելով «շատ կարևոր»։ Փետրվարի 8-ին Մակրոնը կժամանի Կիև։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 15-ին կժամանի Մոսկվա։ Մինչ այդ նա կայցելի Վաշինգտոն, ինչպես նաև կայցելի Կիև։ Սա կանցլերի առաջին խոշոր արտասահմանյան այցն է անցյալ տարվա վերջին պաշտոնը ստանձնելուց հետո:

Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին այսպես կոչված նորմանդական ձևաչափի մասնակիցներ են, որը քննարկում է Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս 4 երկրները, մասնավորապես, ստորագրել են Մինսկի համաձայնագրերը, որոնք համարվում են կարգավորման հիմքը, թեեւ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն դրանց որոշ դրույթների մեկնաբանման հարցում։

Թեև և՛ Փարիզը, և՛ Բեռլինը պաշտպանում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների պնդումները, թե Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա, և հայտարարում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, նրանց հռետորաբանությունն ավելի չափավոր է՝ համեմատած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Բացի այդ, այդ երկրները զենք չեն մատակարարում Ուկրաինային, ինչի համար հատկապես Գերմանիան քննադատվում է Կիևի կողմից։

Անցած շաբաթվա ընթացքում Մակրոնը Պուտինի հետ երեք անգամ հեռախոսով խոսել է ինչպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այնպես էլ այսպես կոչված անվտանգության երաշխիքների ռուսական պահանջների մասին։ Թե կոնկրետ ինչ առաջարկներ է նա բերելու Մոսկվա Պուտինի հետ բանակցությունների համար, չի հաղորդվում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես առաջարկել է իր ծառայությունները՝ որպես միջնորդ Մոսկվայի և Կիևի միջև։ Միաժամանակ նա քննադատել է այլ եվրոպացի առաջնորդներին, որոնցից ոչ ոք, ըստ նրա, հարմար չէ այդ դերին։

Էրդողանը նախօրեին այցելել է Կիև։ Սպասվում է Պուտինի այցը Թուրքիա, դրա ժամկետները դեռ որոշված ​​չեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը