Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:15 12-01-2022

Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ փաստական տվյալներ չի հայտնաբերել

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ:

«Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը:

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

«Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք:

«Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։

Այսինքն` այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակեց Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ