Արտաքին 5 տարի առաջ - 18:57 17-11-2021

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր ռազմական գործողություններով, որոնք հաջորդել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին լարվածության աճին։ Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքների ի պատասխան սկսված ռազմական գործողությունները պատճառ դարձան նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ մինչ օրս տեղի ունեցած ամենակոպիտ խախտման՝ թողնելով դեռևս չհաստատված թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ:

Կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ: Վերահաստատում ենք, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների: Դատապարտում ենք «սահմանագծման» յուրաքանչյուր փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:

Աջակցում ենք և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը խիստ շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար: Սա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան հատվածների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Հաջողելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնության տեքստին ու խուսափեն դրա չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մենք մտահոգ ենք այն տեղեկությունների առնչությամբ, համաձայն որոնց՝ երթևեկությունը դժվարանցանելի է դարձել այն ճանապարհներով, որոնք Ադրբեջանի տարածքով կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը, և հավատացած ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնության ոգուն ու դժվարացնում է տեղացի բնակիչների կյանքը:

Ցավում ենք, որ ի հեճուկս միջազգային հանրության մեծաթիվ կոչերի, այդ թվում և Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության պատճառով գերեվարված շատ հայեր դեռևս ազատության մեջ չեն, և մենք այս հարցով նորից ենք դիմում Ադրբեջանի իշխանություններին: Մենք նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատ տարածքների վերջին քարտեզները՝ թույլ տալով քաղաքացիական անձանց վերադառնալու նախկին հակամարտության շրջաններ:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես վերսկսելով բանակցությունները հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի վերաբերյալ՝ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի