Ներքին 5 տարի առաջ - 13:14 12-11-2021

Աշոցքի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու 4 պաշտոնատար անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ դատախազության կողմից որդեգրված ապօրինի անտառահատումների դեմ պայքարը՝ հատկապես դրան մեծապես նպաստող պաշտոնեական հանցագործությունների բացահայտման և անտառային ֆոնդի պահպանության իրենց պարտականությունների կատարման մեջ դիտավորությամբ կամ անփութությամբ հանցավոր կերպով թերացած պաշտոնատար անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլ իրավապահ մարմինների հետ լայն թափով շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև ՀՀ Շիրակի մարզում: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից իր լիազորություններն իրացնելիս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու մասին հայտնաբերված տվյալների կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2021թ. սեպտեմբերի 3-ին հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի Աշոցքի անտառապետության անտառապետը, ինժեները, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահները, ի պաշտոնե պարտավոր են եղել, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում, իրականացնել անտառպետության ղեկավա­րումը, հսկել ան­տառ­պետությունում իրականացվող աշխատանքները, կան­խար­գելել անտառպե­տութ­յունում, իրենց վստահված պահաբաժիններում ՀՀ անտառային օրենսդրության բոլոր տեսակի խախտումները, ժամանակին հայտնաբերել դրանք, ար­ձա­նագրել և սահմանված կարգով ընթացք տալ, հսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ, պարբերաբար կատարել շրջայցեր պահաբաժիններում, անտառապահների պարագայում՝ ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերը, հսկողութ­յուն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ և այլն:

Սակայն ան­բարե­խիղճ և անփույթ վերաբեր­մունք դրսևո­րելով իրենց ծառա­յութ­յան նկատմամբ՝ նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները: Մասնավորապես, նշված անտառպե­տութ­յունում պար­բերաբար շրջայցեր չեն իրակա­նաց­րել, չեն կազմել շրջայցերի, անտառախախտումների վերաբերյալ արձանա­գրություններ, ինչի արդյուն­քում 2020թ. հոկտեմբերից մինչ 2021թ. մայիս ընկած ժամանակահատվածում Աշոցքի անտառպետության թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների տարածքներում ապօրինի հատ­վել է ընդհանուր 351 հատ տար­բեր չափերի սոճի տեսակի ծառ: Դրա հետևանքով կազմակերպության և պե­տութ­յան իրա­վունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հե­տևանք հանդիսացող՝ ընդհանուր ավելի քան 7մլն ՀՀ դրամի վնաս:

Հետագայում՝ գարնանային ստուգումների ժամանակ, հիշյալ հատված ծառերի կոճղերը հայտ­­նաբերվել և արձանագրվել են «Հայան­տառ» ՊՈԱԿ «Գյումրիի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կող­մից:

Այս հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել Աշոցքի անտառապետության անտառապետին, ինժեներին, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահներին:

Նախաքննությունն ավարտվել է, դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննության առնելու համար 4 անձի վերաբերյալ մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

ՀՀ դատախազությունը հընթացս կներկայացնի նաև հանրապետության՝ անտառային լանդշաֆտ ունեցող այլ մարզերում ապօրինի անտառահատումներին հանգեցնող պաշտոնեական հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդյունքները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է