Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 20:31 25-09-2021

Նիկոլ Փաշինյանի ելույթի հակառակ կողմը

ՀՀ անկախության 30-ամյակի տոնակատարության առթիվ Ն. Փաշինյանի հնչեցրած ուղերձում կան ձևակերպումներ, որոնց բուն իմաստն ու նշանակությունն առաջին հայացքից չի երևում, բայց վերլուծելիս ամբողջ գաղջը բարձրանում է ջրի երես:

Հենց սկզբում ներկաներին դիմելիս Ն. Փաշինյանն ասում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ
Ազգային ժողովի մեծարգո նախագահ
Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ
Ազգային ժողովի պատգամավորներ
Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ
Սիրելի ծնողներ, հարազատներ մեր նահատակների
Սիրելի ներկաներ»:

Ակնհայտ է, որ Ազգային ժողովի պատգամավորներին դիմելիս նա չի օգտագործում «հարգելի» բառը: Բայց ո՞ւմ է նա ուզում հասկացնել, որ «չի հարգում»: Արդյո՞ք միայն ընդդիմադիր պատգամավորներին, թե՞ խորհրդարանի իր թիմակիցներն էլ մտածելու բան ունեն:

2. Մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը հարգելուց և ասմունքելուց հետո Ն. Փաշինյանն ասում է. «Հովհաննես Թումանյանի այս տողերը, թերևս, ճշգրիտ են արտահայտում հանգրվանը, որում գտնվում է մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն արդեն 30 տարեկան է»: Այստեղ նա հավասարեցնում է մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետության հետ, ինչը նշանակում է, որ նրա համար, օրինակ, Արցախը և Արևմտյան Հայաստանը հայրենիք չեն: Այստեղ կա երկու խնդիր. նախ՝ որ ՀՀ վարչապետն ուրանում է մեր հայրենիքը, այն ընկալում միայն ներկայիս պետության սահմանների մեջ (իսկ ավելի ճիշտ` խորհրդային տարիների ինչ-որ քարտեզում նշված սահմանների մեջ), և երկրորդ՝ նա ուզում է, որ մենք էլ այդպես մտածենք: Բայց նա այդքանով չի սահմանափակվում. «... մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն արդեն 30 տարեկան է»: Ն. Փաշինյանի պատկերացմամբ` մեր հայրենիքը 30 տարեկան է: Իհարկե, կա հավանականություն, որ նա չգիտի հայոց պատմությունից և ոչ մի բան, բայց ավելի մեծ հավանականությամբ նա միտումնավոր փորձում է զանգվածային գիտակցության մեջ մտցնել իր սուբյեկտիվ համոզմունքն առ այն, որ պետք է կտրել կապերն անցյալի հետ, մոռանալ այն, ինչ կոչվում է հայրենիք, և սահմանափակվել միայն այսօրվա պետությամբ: Այլ կերպ այդ նախադասությունը հասկանալ հնարավոր չէ:

3. Այնուհետև Ն. Փաշինյանը փորձ է անում փոխել ոչ միայն անցյալի մասին մեր պատկերացումները, այլև ապագայի մեր ընկալումները: Ապագա տասնամյակների համար նրա ունեցած պատկերացումը հետևյալն է. «Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ եւ՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել՝ ճակատագրին, հաղթել մահվանը»: Այս անհեթեթությունը, բառախաղը և անիմաստ բառակույտը, որ հնչեցնում է ՀՀ վարչապետը, վկայում է այն մասին, որ նա, փաստորեն, ոչինչ չունի առաջարկելու Հայաստանի հասարակությանը պատերազմից և պարտությունից հետո, բացի նրանից, որ այդ հասարակությունը պետք է «...հաղթահարի հուսահատությունը, հաղթի ճակատագրին, հաղթի մահվանը»: Քանի որ Ն. Փաշինյանը խոսում է իր պատկերացման մասին, լավ կլիներ, որ նա իր օրինակով ցույց տար, թե ինչպես են հաղթահարում հայրենիքի կորուստը, սիրելի ամուսնու կամ երեխայի մահը:

Ն. Փաշինյանի ողջ ելույթը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր հայրենիքի, պարտության, պատերազմի հետևանքների հաղթահարման նկատմամբ: Չմոռանանք, որ այս ուղերձը հնչել է այն պահին, երբ Բաքվում ապօրինի պահվում են մեր հայրենակիցները, ապօրինի դատապարտվում և ենթարկվում տանջանքների, սակայն ՀՀ վարչապետը որևէ գործուն քայլ չի ձեռնարկում նրանց վերադարձնելու համար:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ