Ներքին 5 տարի առաջ - 17:28 24-06-2021

Կայացել է «Մարտի 1»-ի գործով երկրորդ նիստը

Այսօր Վերաքննիչ դատարանում «Մարտի 1»-ի գործով տեղի է ունեցել երկրորդ նիստը: Դատախազը բողոքարկել է առաջին ատյանի ավելի վաղ կայացրած որոշումը, որով արդարացվել էին Ռոբերտ Քոչարյանը և նրա երեք նախկին ենթակաները:

Մարտի 1-ի անջատված գործով նրանց առաջադրվել էր Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, այդ հոդվածը, սակայն, Սահմանադրական դատարանը Մայր օրենքին հակասող էր ճանաչել:

Այսօր մինչ բուն բողոքարկմանն անդրադառնալը դատախազները բանավոր միջնորդություն են ներկայացրել՝ հորդորելով դատարանին դիմել Սահմանադրական դատարան՝ մի շարք հոդվածների սահմանադրականությունը որոշելու համար:

Խոսքը, մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի մասին է՝ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները: ՍԴ դիմելու և հարցի դրական հանգուցալուծման պարագայում դատախազությունը հնարավորություն կունենա այլ մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին:

Դատարանն այսօր որոշել է հետաձգել նիստը՝ ժամանակ տալով պաշտպանական թիմին ծանոթանալ միջնորդության հիմքերին: