Ներքին 5 տարի առաջ - 13:01 05-05-2021

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան համալրվեց նոր սարքով

ՀՀ առողջապահության նախարարությունը` Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, «Գյումրու Ն. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին տրամադրել է շարժական թվային ռենտգեն հետազոտության նոր սարք, որն արդեն գործարկվել է։

«Առողջապահության համակարգը մշտապես կարիք ունի արդիականացման, այդ հարցում, իհարկե, մենք հապաղել ենք անցած տասնամյակների ընթացքում, և հիմա ամեն ինչ արվում է նոր համալրումների համար, քանզի նոր սարքավորումների անհրաժեշտությունն իսկապես զգացվում է: Այս նոր ռենտգեն սարքն էապես կբարելավի առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքը, կիրականացվի բարձրորակ դիագնոստիկա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։

Նա շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանն՝ արագ արձագանքելու համար և կարևորել բուժհաստատությունների ինչպես տեխնիկական հագեցվածության բարձրացումը, այնպես էլ շենքային պայմանների բարելավումը։

Նշենք, որ պոլիկլինիկայի ռենտգեն հետազոտության հին սարքը 1965 թվականի արտադրության էր, բարոյապես և ֆիզիկապես մաշված, հանգեցնում էր ախտորոշման դժվարությունների։ 27 հազարից ավելի բնակչության սպասարկող հաստատությունը նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով օրական իրականացնում է մոտ 85-90 ռենտգեն հետազոտություն։