Մամուլ 5 տարի առաջ - 10:45 10-02-2021

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ԱՂՔԱՏԱՑՆՈՒՄ ԵՆ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՉՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՎ. ՆՈՐ ՄԱՀԱԿ՝ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու, գործարարությունը խթանելու և մեր երկրում արարելու հնարավորություն տալու փոխարեն, պատերազմում պարտված և մեր երկիրը հուսալքության ծայրագույն աստիճանի հասցրած իշխանությունը նոր հարձակում է պատրաստում խոշոր գործարարների դեմ:

Բանն այն է, որ հունվարի 20-ին խորհրդարանում 82 կողմ, 0 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը չենթարկվող գործարարներին պատժելու գործիք է: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է քրեական պատիժ, ոչ ավել, ոչ պակաս, շահույթ ստանալու համար: Այո, այո, հենց այդպես էլ ֆիքսված է:

Օրենքում ասվում է. «Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Ու տարօրինակ համառությամբ իշխող խմբակցությունը անցկացրել է ՏՄՊՊՀ այս վիճահարույց նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ, որի մասով բացասական եզրակացություն է ներկայացրել անգամ ԱԺ փորձագիտական և վերլուծության վարչությունը:

Նշված աբսուրդից բացի, նախագծով հանձնաժողովն իրեն վերապահում է գործառույթներ, որոնց իրավունքը չունի, և այնպիսի տպավորություն է, թե այս օրենքում փոփոխությունն արվում է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին խոշոր գործարարներին անարգել պատժելու լծակներ տալու համար:

«Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը. այն տնտեսական քաղաքականության մշակման և տնտեսական մրցակցության պաշտպանության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգից վերափոխվում է, այսպես կոչված, «տնտեսական ոստիկանության» հայեցակարգի». ԱԺ փորձագիտական և վերլուծության վարչությունն այս ձևակերպմամբ պաշտոնապես եկել է այն եզրակացության, որ ՏՄՊՊՀ-ն իրեն չպետք է վերապահի տնտեսական ոստիկանության գործառույթ:

Բայց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի մշտական նիստի ժամանակ ինքնագոհ հայտարարել էր. «Մենք հենց պատժիչ, պատժող կառույց ենք: Ես դա շատ կարևորում եմ: Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք, ուզում եմ՝ հստակ ֆիքսենք սա: Ես ուզում եմ դա հստակ ֆիքսենք, ես միայն պատժում եմ: Ես կարող եմ ուղեցույցներ տամ, ասեմ՝ եթե այսպես անենք, խնդիրներ չի լինի, սակայն սա կոնկրետ պատժող, նույնիսկ դաժան պատժող կառույց է»:

Գործարարներին պատժելու միտքը այնքան էր ուրախացրել ՏՄՊՊՀ նախագահին, որ նա մոռացել էր, թե օրենքով ինչ իրավասություններ ունի իր ղեկավարած կառույցը, և նոր կարգավորումները ոչ այլ ինչ, քան ինքնիրավչություն, չեն կարող դիտվել: Հատուկ մեջբերում ենք ՏՄՊՊՀ ֆիքսված գործառույթները. «Վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ, դիմում է դատարան՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ»:

Այսպիսով, եթե այս օրինագիծը նաև երկրորդ ընթերցմամբ ընդունվի, կնշանակի նոր մահակ գործարարների գլխին: Ու սա կազմակերպվել է հավանաբար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, քանի որ հենց նրա հովանավորյալն է դրամաշնորհներով հայտնի անցյալ ունեցող Գեղամ Գևորգյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է