Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:12 05-02-2021

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ողջունելով ներկաներին՝ Վ. Դումանյանը նշել է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում և մշտապես սպասված են: Այնուհետև նախարարն անդրադարձել է համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններին ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել այդ խնդիրները:

«Բավականին բարդ շրջան ենք ապրում. համավարակ, պատերազմ, դրանցից բխող հետևանքներ: Մեր ժողովուրդն այսօր հոգևոր-մշակութային լիցքերի կարիք ունի: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ցանկությունը միայն բավարար չէ. դա պետք է դառնա նպատակ և համառ, հետևողական քայլերով հասնենք արդյունքի:

Ես վստահ եմ, որ ձեր օգնությամբ ու համատեղ գործուն ջանքերով կարող ենք իրականացնել այդ ամենը»,- ընդգծել է Վ. Դումանյանը և այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կրթության, այդ թվում՝ նաև գեղարվեստական կրթության կարևորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից. «Կրթությունից է սկսվում մեր անվտանգությունը:

Գեղարվեստական կրթությունը կրթության անբաժանելի մասն է: Մենք պետք է հստակորեն ձևակերպենք մեր նպատակները, անելիքները և ինտելեկտի բարձրագույն ճանապարհով կրթենք ու զարգացնենք մեր երիտասարդներին:

Մեր անվտանգությունը կարող ենք ամրացնել և ապահովել՝ միայն գիտելիքներ փոխանցելով ու մտավոր բարձր կարողություններով անհատներ ձևավորելով: Եվ այդ գործում անգնահատելի է ձեր աջակցությունն ու ներդրումը»:

Ի պատասխան՝ կոմպոզիտորները տեղեկացրել են, որ նախորդ տարիներին կրթական տարբեր ծրագրեր են իրականացրել և այժմ էլ պատրաստ են դասընթացների, վարպետության դասերի, հանդիպում-քննարկումների միջոցով շարունակել իրենց ներդրումն այդ կարևոր գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:

«Այս տարի նշում ենք հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և մեր մյուս մեծերի հոբելյանները: Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին՝ մենք պետք է հոբելյանական միջոցառումները կազմակերպենք և իրականացնենք պատշաճ մակարդակով: Այս գործում ևս ակնկալում ենք ձեր մասնագիտական աջակցությունը»,- ընդգծել է նախարարը:

Խոսելով երաժշտական կյանքի ակտիվացման մասին՝ Վահրամ Դումանյանը ներկաներին հորդորել է այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ և Արցախ:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ այժմ, առավել քան երբևէ, սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները մշակույթի հետ հաղորդակցվելու կարիք ունեն, և բոլոր ջանքերը պետք է ուղղել մարզային համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու գեղարվեստական կրթության զարգացմանը:

Գերատեսչության ղեկավարն առաջարկել է արդեն իսկ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ ձևավորելով հստակ ժամանակացույց և համապատասխան ծրագրեր:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է ոլորտի կարևոր, ռազմավարական խնդիրներին՝ մշակույթի ապակենտրոնացմանը, գեղարվեստական կրթությանը, ստեղծագործական խմբերում՝ արվեստագետ- գործատու, սերնդափոխությանը և մասնագիտական այլ հարցերի:

Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավարներն ու անդամները հակիրճ ներկայացրել են իրականացրած և առաջիկա ծրագրերը: Նրանք խոսել են նաև առկա խնդիրների մասին և լուծումներ առաջարկել այդ ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար Լևոն Չաուշյանը նախարարին նվիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրենց կազմակերպության կողմից հրատարակված «Հայ ժամանակակից կոմպոզիտորների» ձայնագրությունների հավաքածուն, որը ներառում է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ, Լևոն Չաուշյանի կամերային և սիմֆոնիկ, Մարտին Վարդազարյանի էստրադային և կինոերաժշտության ընտրանին, Վահրամ Բաբայանի կամերային, Կոնստանտին Պետրոսյանի կամերային, խմբերգային և ջազային, Սուրեն Զաքարյանի կամերային և սիմֆոնիկ, Արմենուհի Կարապետյանի խմբերգային ստեղծագործությունները:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ