Ներքին Տեսանյութ 38 րոպե առաջ - 13:27 27-11-2026

Երերույքի օրհնության ներքո Անիպեմզան տոնեց իր 100-ամյակը

Մեկդարյա պատմություն, սերունդների հիշողություն և հայրենի բնակավայրի հանդեպ անսահման սեր․ Անիպեմզան տոնում է հիմնադրման 100-ամյակը։

Պատմական Անիի դիմաց՝ դարավոր Երերույքի տաճարի հարևանությամբ, հոբելյանական օրվա առթիվ համախմբվել էին անիպեմզացիներն ու Անի համայնքի բնակիչները՝ արժևորելու իրենց բնակավայրի անցած ուղին, հիշելու ստեղծման ակունքներն ու վստահությամբ նայելու ապագային։

Անիի համայնքապետարանի կազմակերպած տոնական միջոցառմանը մասնակցում էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, բնակիչներն ու հյուրերը։

Տոնական օրվա առաջին կանգառը Երերույքի տաճարի հարակից տարածքն էր։ Համայնքի ղեկավարին դիմավորեցին ավանդական աղուհացով։

Այնուհետև Արման Սարիբեկյանը շրջեց բացօթյա տաղավարներով, որտեղ ներկայացված էին Անիպեմզայի պատմությանն ու կենցաղին, ավանդույթներին ու մշակույթին առնչվող ցուցանմուշներ։

Առանձնահատուկ ուշադրություն էին գրավում Անիպեմզայի դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքները, մասնավորապես՝ քարատեսակների վրա արված ինքնատիպ նկարազարդումները։ Ներկայացված էին նաև բնակավայրին բնորոշ կենցաղային իրերն ու ավանդական ուտեստները։

Հոբելյանական միջոցառման հանդիսավոր հատվածը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կենդանի կատարմամբ։

Անիպեմզացիներին և ներկաներին շնորհավորանքի խոսքով դիմեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը՝ ընդգծելով բնակավայրի պատմական, տնտեսական և մշակութային նշանակությունը։

«Մեկդարյա պատմություն կերտած Անիպեմզան իր ուրույն ու կարևոր տեղն ունի մեր տարածաշրջանի պատմության մեջ։ Որպես արդյունաբերական կենտրոն՝ այն տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի տնտեսության և շինարարության զարգացման գործում։

Այս ձեռքբերումների հիմքում առաջին հերթին կանգնած են եղել անիպեմզացի աշխատավոր մարդիկ՝ իրենց նվիրումով, մասնագիտական բարձր որակներով և հայրենի հողի հանդեպ ունեցած անսահման սիրով»։

Համայնքի ղեկավարը կարևորեց նաև Անիպեմզայի բացառիկ աշխարհագրական դիրքն ու պատմամշակութային միջավայրը։

«Անիպեմզան առանձնանում է նաև իր բացառիկ պատմամշակութային միջավայրով։ Գտնվելով պատմական Անի մայրաքաղաքի դիմաց և Երերույքի տաճարի հարևանությամբ՝ բնակավայրը կրում է դարերի խորքից եկող մշակութային ժառանգությունը և սահմանապահ բնակավայրի կարևորագույն առաքելությունը»։

Արման Սարիբեկյանը ևս մեկ անգամ շնորհավորեց անիպեմզացիներին՝ մաղթելով բնակավայրին առաջընթաց, զարգացում և նոր ձեռքբերումներ։

Տոնի ընթացքում հնչեցին նաև սերունդների շարունակականության և պատմական ժառանգությունը վերագտնելու մասին կարևոր ուղերձներ։

Մասնավորապես՝ ընդգծվեց, որ երիտասարդ սերունդը կարող է վերագտնել ու վերականգնել այն, ինչ տարիներ առաջ ստեղծել էր ավագ սերունդը, սակայն ժամանակի ընթացքում կորցրել էր միջին սերունդը։

Սա ոչ միայն անցյալի հանդեպ հարգանքի, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվության մասին ուղերձ էր։

Օրվա խորհրդին առանձնահատուկ խորհուրդ էր հաղորդում Երերույքի տաճարի ներկայությունը։ «Երերույքի տաճար, հրաշք է սա»,– հնչեց գնահատանքի խոսքը՝ ընդգծելով պատմական հուշարձանի բացառիկ արժեքը։ Ներկաներն իրենց բարեմաղթանքներն ուղղեցին համայնքին՝ ասելով. «Երերույքի օրհնությունը հովանի լինի մեր համայնքին»։

Հուզիչ էր նաև Անիպեմզայի նախկին բնակիչ Գագիկ Գաբրիելյանի ելույթը։ Ողջունելով ներկաներին՝ նա շնորհավորեց աշխարհասփյուռ անիպեմզացիներին հոբելյանական օրվա առթիվ և խոստովանեց, որ այս օրը իր կյանքի ամենաուրախ օրերից մեկն է։

Այնուհետև Գագիկ Գաբրիելյանը կատարեց իր հեղինակային ստեղծագործությունը՝ նվիրված հարազատ Անիպեմզային։ Նրա կատարումը դարձավ հայրենի բնակավայրի հանդեպ սիրո, կարոտի ու տարիների հետ չմարող կապի արտահայտություն։

Տոնական տրամադրությունը շարունակվեց գեղարվեստական կատարումներով։ Ելույթ ունեցան Մարալիկի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, Անիպեմզայում գործող պարային խումբն ու անհատ կատարողները։

Ազգային երաժշտության ուղեկցությամբ Անի համայնքի արվեստի դպրոցի պարային խումբը ներկայացրեց ազգագրական պարերի գեղեցիկ շարք՝ հանդիսատեսին փոխանցելով հայկական պարարվեստի շունչն ու ազգային ավանդույթների ողջ գունեղությունը։

Միջոցառումն ամփոփվեց պարային խմբի գեղեցիկ կատարումներով՝ տոնական օրվան հաղորդելով առանձնահատուկ ջերմություն։

Անիպեմզայի հարյուրամյակը պարզապես տարեդարձ չէր։ Այն մեկտեղել էր անցյալն ու ներկան, ավագ ու երիտասարդ սերունդներին, բնակավայրում ապրողներին ու աշխարհով մեկ սփռված անիպեմզացիներին։

Մեկդարյա պատմությունը շարունակվում է մարդկանց հիշողություններում, ստեղծագործություններում, ազգային երգ ու պարի մեջ և, ամենակարևորը, հայրենի հողի հանդեպ մեծ սիրով։

Անիպեմզան 100 տարեկան է։ Իսկ նրա պատմությունը դեռ շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
18:45 Գեղարքունիքում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է