Արարատի մարզում գործող «Խարբերդի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում (նախկինում՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն») ամիսներ առաջ գրանցված 4 խնամվողի մահվան դեպքերի առթիվ իրավապահ մարմիններում ընթանում է նախաքննություն։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ հաստատությունում արձանագրվել են բուժօգնության կազմակերպման և վերահսկողության լուրջ թերացումներ:
Ինչպես հայտնել է
Shamshyan.com-ը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղեկությունների համաձայն՝ դեռևս ապրիլ ամսին հաստատությունում բնակվող 4 անձ է մահացել։ Ըստ նույն աղբյուրի՝ կենտրոնի բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը, որ 5 խնամվող գտնվում են առողջական ծանր վիճակում։ Չնայած նախազգուշացումներին, նրանց բժշկական կենտրոն են տեղափոխել միայն երեք օր անց, ինչի հետևանքով երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Բացի այդ, ապրիլի 8-ին կենտրոնից Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 24-ամյա Արթուր Մ.-ն և 35-ամյա Հասմիկ Վ.-ն։ Արթուր Մ.-ն մահացել է նույն օրը, իսկ Հասմիկ Վ.-ն՝ օրեր անց։ Դեպքի փաստով ոստիկանությունում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
«Անկեղծ ասած՝ մի քիչ տարակուսելի է ապրիլին տեղի ունեցած դեպքը նոյեմբերին որպես թարմ ներկայացնելը։ Խարբերդի խնամքի հաստատությունում և մեր այլ խնամքի հաստատություններում բավականին ծանր, տարբեր տեսակի առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են խնամվում, և բնականաբար դա նշանակում է, որ մենք ունենում ենք, ցավոք սրտի, նման դեպքեր, երբ առողջական վիճակի վատթարացման բերումով արձանագրվում են նաև մահվան դեպքեր»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
Խոսնակի խոսքով՝ կա հստակ պրակտիկա, և նման բոլոր դեպքերում կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը պարտավորված և պատշաճ կերպով տեղեկացնում են իրավապահ մարմիններին։
Անդրադառնալով հրապարակման մեջ նշված՝ սնուցման, խնամքի թերի վերահսկողության և բժիշկների ահազանգերին ուշ արձագանքելու վերաբերյալ տեղեկություններին՝ նախարարության խոսնակը նշեց, որ դրանց գնահատական պետք է տան իրավապահները. «Եթե նման հարցեր կան, և տվյալ հրապարակման մեջ հղում է արվում դատախազությանը, ապա դատախազությունը կպարզի այդ հանգամանքները՝ թող պարզի։ Խնդրում եմ այդ հարցերը դատախազությանն ուղղել»։
Նվեր Կոստանյանը նաև ընդգծեց, որ նման վերնագրերով հրապարակումները ստվերում են հաստատության մյուս աշխատակիցների ամենօրյա աշխատանքն ու մատուցվող ծառայությունները, և լրագրողներին հրավիրեց տեղում ծանոթանալ կենտրոնի պայմաններին։
Հարցին, թե նախարարությունը երբ է վերջին անգամ մշտադիտարկում իրականացրել կենտրոնում, խոսնակը պատասխանեց, որ կառույցը գտնվում է նախարարության ուղիղ ենթակայության ներքո, ուստի կապը մշտական է. «Մենք ամենօրյա, ամեն րոպեվա և ամենժամյա կապի մեջ ենք իրենց հետ, օպերատիվ կապի մեջ ենք։ Բնականաբար մեր ենթակայությամբ է, և իրենց գործունեությունը անընդհատ սինխրոնացված է նաև մեզ հետ։ Եվ եթե խնդիրներ տեսնում ենք, բնականաբար լուծում ենք»։
Հասմիկ Մովսիսյան