Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 22:36 19-11-2026

Քննարկվել է ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հաջող ընթացքը

Տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը։ Այս ձևաչափը հիմնադրվել է ՀՀ–ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շրջանակներում։

Կողմերը քննարկել են ՀԸԳՀ և ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հաջող ընթացքը։ Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորել են կողմերի համար ընդհանուր հանդիսացող ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը։ ԵՄ կողմը բարձր է գնահատել Հայաստանի կողմից ս․թ․ մայիսի 4-ին և 5-ին համապատասխանաբար Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի հաջող հյուրընկալումը։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրագործելու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը:

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն ամրապնդվել է լրացուցիչ 18 միլիոն եվրոյով։ Կողմերը նաև կարևորել են ՀՀ–ԵՄ համատեղ աշխատանքային խմբի ներդրումը Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության ամրապնդման գործում՝ մասնավորապես գյուղատնտեսության, առևտրի, բյուջետային աջակցության և էներգետիկայի ուղղություններով իրականացվող աշխատանքների միջոցով։

Տնտեսական ոլորտին առնչվող քննարկումների առանցքում էին առևտրի դիվերսիֆիկացման հետագա խթանումը, ԵՄ շուկա մուտքի հնարավորությունների ընդլայնումը, ԵՄ չափանիշներին համապատասխանության ապահովումը և կարողությունների զարգացումը։

Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընդունման կապակցությամբ, որոնց շրջանակում առաջիկա երկու տարվա ընթացքում դեպի ԵՄ արտահանվող հայկական ծագում ունեցող ապրանքների շուրջ 80%-ը եվրոպական շուկայում կօգտվի անմաքս մուտքի հնարավորությունից։ Կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության կարևորությունը և ողջունել երեք հիմնական ուղղություններով՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում արձանագրված առաջընթացը։

Հայկական կողմը ողջունել է էներգետիկայի ոլորտում ԵՄ աջակցությունը՝ համաձայն Հայաստանի առաջնահերթությունների։

Կողմերը մտքեր են փոխանակել հետազոտության և նորարարության, շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, քաղաքացիական պաշտպանության, կրթության, սպորտի, մշակույթի, զբաղվածության, սոցիալական քաղաքականության, վիճակագրության, մաքսային և հարկային ոլորտներում զարգացող գործընկերության վերաբերյալ։

Գործընկերության կոմիտեն քննարկել է իրավունքի գերակայության ամրապնդման, արդարադատության և իրավապահ համակարգի բարեփոխումների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը։ ԵՄ-ն դրական է գնահատել Հայաստանի ջանքերն այս ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում և կարևորել դրանց հետագա առաջմղմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ Կողմերն ընդգծել են նաև ակտիվ քաղաքացիական հասարակության, քաղաքականությունների մշակման գործընթացներում ներառականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիական մասնակցության համար բաց և նպաստավոր միջավայրի ձևավորման կարևորությունը։

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման հարցում արձանագրված առաջընթացը՝ վերահաստատելով ծրագրի բոլոր չորս ուղղություններով շարունակական համագործակցության համատեղ հանձնառությունը։

Կողմերը ողջունել են Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանի զինված ուժերին աջակցելու նպատակով մինչ օրս տրամադրված 30 միլիոն եվրոյի աջակցությունը և ընդգծել այդ շրջանակում համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման կարևորությունը։

Գործընկերության կոմիտեն քննարկել է նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համագործակցությունը։ Կողմերը ողջունել են Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության գործունեության մեկնարկը։

Կողմերը վերահաստատել են Հայաստանում ԵՄ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանային կայունության և մարդկային անվտանգության ապահովման գործում։

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային հաղորդակցությունների վերաբացման կարևորությունը՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և մասնակից բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության հարգմամբ։

ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը։

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեն։