Ներքին Տեսանյութ 17 րոպե առաջ - 20:00 13-11-2026

Փաշինյանը պիտի հարցաքննվի, խաղեր ՀԱՊԿ–ում, ՀՀ–ն էլի COP է ուզում, փախուստ ՔԿՀ–ից, պայթյուն Լոռիում

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 13-ի ամփոփ լուրերը:

Մոսկվան հուշում է՝ միայն պարտքը մարելը բավարար չէ, պետք է նաև «ապաշխարել» ու վերադառնալ շարքեր։ Ըստ Վլադիմիր Ջաբարովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե Երևանը կրկին լիարժեք ներգրավվի կառույցի աշխատանքներին՝ մասնակցելով հանդիպումներին, խորհրդակցություններին, խորհրդարանական համաժողովներին ու համատեղ զորավարժություններին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել էր կասեցնել քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու Երևանի իրավունքն ու զրկել ձայնի իրավունքից՝ մինչև 2024 թվականից կուտակված անդամավճարների պարտքի մարումը։ Թեև կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը վստահեցնում է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվել, ռուսական կողմի հայտարարություններից պարզ է դառնում՝ «սառեցված» կարգավիճակով կառույցում մնալն այլևս անհնար է դառնում։

Երևանում կայացած COP17-ից հետո Հայաստանն այժմ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը՝ 2029 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP34-ը հյուրընկալելու համար։ Այս մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ամփոփելով COP31-ի շրջանակում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ հանդիպումը։ Նախարարը Երևանի պատրաստակամությունը հիմնավորել է COP17-ի կազմակերպման «հաջող փորձով», միաժամանակ շեշտադրելով կլիմայական ֆինանսավորման անհրաժեշտությունն ու լեռնային երկրների խոցելիությունը։ Հայտի ընդունման դեպքում Երևանը 2029-ին կրկին կհայտնվի համաշխարհային օրակարգի կենտրոնում՝ Արևելաեվրոպական խմբի երկրների հետ համագործակցության շրջանակում։

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել Լոռու մարզում․ Թումանյան համայնքի գազալցակայաններից մեկի գազակոմպրեսորային հատվածում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ։ Պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանի շենքը, հարակից երկու տներն ու կայանված ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Պետական եկամուտների կոմիտեն հարկադրված է եղել պարզաբանում ներկայացնել կալանավորված իրանցու աղմկահարույց փախուստի վերաբերյալ՝ միաժամանակ մեղադրելով լրատվամիջոցներին թերի տեղեկություններ տարածելու մեջ։ Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ դեռ նոյեմբերի 3-ին Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում հայտնաբերվել էին առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչի համար վարորդը՝ ԻԻՀ քաղաքացին, կալանավորվել էր։ Սակայն ընդամենը երեք օր անց՝ նոյեմբերի 6-ի երեկոյան, գաղտնի քննչական գործողությունների ժամանակ կալանավորված անձը կարողացել է փախուստի դիմել իրավապահների հսկողությունից։ Ազատության մեջ նա մնացել է ճիշտ հինգ օր. միայն նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան ՊԵԿ-ի և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին հաջողվել է հայտնաբերել նրան և տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն ընդունել է Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների բարձրաստիճան պատվիրակությանը։ Առաքելության ղեկավար Սատու Կոյվուն գործընկերներին ներկայացրել է տեղում տիրող իրավիճակն ու անվտանգային միջավայրը։ Այցի շրջանակում եվրոպացի իրավապահները ժամանել են նաև Սյունիք՝ եղել առաքելության Կապանի գրասենյակում և անձամբ մասնակցել Ագարակ ու Մեղրի ուղղությամբ իրականացվող պարեկային շրջայցերին՝ տեղում գնահատելով սահմանային իրավիճակը։

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում Ազատի զորամասի կացարանի ողբերգական հրդեհի գործով նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 11-ը։ Նիստից հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանըշեշտել է, որ պաշտպանական կողմը պատրաստվում է միջնորդել՝ որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Պաշտպանության նախարարին։ Միաժամանակ, դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ առաջիկա նիստերին հարցաքննելու 13 փորձագետների, այդ թվում՝ 12 դատաբժիշկների։ Նորիկյանը հերքել է այն շրջանառվող վարկածը, թե զինծառայողները հրդեհին նախորդած պահին արդեն մահացած են եղել՝ հղում անելով դատաբժշկական եզրակացությանը, ըստ որի՝ շմոլ գազով թունավորումն ու այրվածքները տեղի են ունեցել կենդանության օրոք և նրանց մի մասը հնարավորություն է ունեցել օգնություն կանչել։

Տեսանյութ: