Սպորտ 21 ժամ առաջ - 14:53 07-11-2026

Ինֆանտինոն որոշել է հրաժարվել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ից 64-ի հասցնելու գաղափարից. ArmSport

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն որոշել է հրաժարվել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ից 64-ի հասցնելու գաղափարից։ Այս մասին հայտնում է հեղինակավոր The Times պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ի ղեկավարը վեց մայրցամաքային կոնֆեդերացիաների նախագահներին և նախագահության անդամներին արդեն տեղեկացրել է, որ վերընտրվելու դեպքում չի պնդելու ինչպես հավաքականների, այնպես էլ աշխարհի ակումբային առաջնությունների հետագա ընդլայնման հարցը։ Բրիտանական պարբերականն այս քայլը պայմանավորում է Ինֆանտինոյի հասցեին հնչող սուր քննադատություններով և կառույցի առաջիկա նախագահական ընտրություններով։

ԱԱ-2030-ի մասնակիցների թիվը 64-ի հասցնելու նախաձեռնությունը պատկանում էր Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիային։ Գաղափարն առաջին անգամ 2025 թվականի մարտին կայացած ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում հնչեցրել էր Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իգնասիո Ալոնսոն, իսկ ավելի ուշ այն պաշտոնապես ներկայացրել էր ԿՈՆՄԵԲՈԼ-ի ղեկավար Ալեխանդրո Դոմինգեսը։ Ամռանը Ինֆանտինոն նշել էր, որ 48 թիմով ձևաչափը լիովին արդարացրել է իրեն՝ նոր հնարավորություններ տալով տարբեր մայրցամաքների հավաքականներին, և չէր բացառել նաև 64 թիմով տարբերակի քննարկումը։

Ինֆանտինոյի դիրքորոշման փոփոխության վրա ազդել է նաև վերջերս ծագած մեկ այլ սկանդալ։ ՖԻՖԱ-ն ծրագրում էր ստեղծել FIFA Forward Enterprise ընկերությունը, որը պետք է միավորեր կառույցի կոմերցիոն գործունեությունն ու մրցաշարերի կազմակերպումը՝ ներգրավելով մասնավոր ներդրողների։ Այս նախագիծը հարուցեց ՈՒԵՖԱ-ի կոշտ դիմադրությունը, որը նույնիսկ սպառնաց բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը։ Արդյունքում Ինֆանտինոն ստիպված եղավ ընդունել տարաձայնությունների առկայությունը և չեղարկել նախագիծը։

Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից և արդեն հաստատել է, որ պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը։ Կազմակերպության նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում կայանալիք ՖԻՖԱ-ի 77-րդ կոնգրեսի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց 48 հավաքականների մասնակցությամբ։ Հուլիսի 19-ին կայացած եզրափակիչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է