Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը վերջին շաբաթվա ընթացքում հասել է 12-ի, ըստ Hart van Nederland կայքի, որը հղում է արել Նիդերլանդների Հանրային առողջության և շրջակա միջավայրի թագավորական ինստիտուտին:
Ըստ կայքի՝ մահացել է ևս երկու մարդ, որոնց մոտ ախտորոշված է եղել հիվանդությունը։
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև մեկ նոր ախտորոշում: Այսպիսով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 77-ի: Կայքը պարզաբանում է, որ վարակված անձը հայտնաբերվել է Հարավային Հոլանդիա նահանգում, որտեղ գրանցված դեպքերի ամենամեծ թիվն է՝ 45:
Վարակված անձանց մեծ մասը որևէ էական ախտանիշ չի ունենում, սակայն հազվադեպ կարող են առաջանալ գրիպանման ախտանիշներ կամ ծանր բարդություններ, այդ թվում՝ ուղեղի թաղանթի բորբոքում: Առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ վարակը կարող է մահացու լինել: