Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ որոշեց 1 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ՝ Սամվել Կարապետյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ իրավապահները Կարապետյանի առանձնատանը ստուգել են անգամ «լուկերն ու նկուղները»՝ տանից տանելով հեռախոսներ, համակարգիչներ ու փաստաթղթեր։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն փողերի լվացման ու խոշոր չափերի հափշտակության մեղադրանքներով մեկ օրում 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ էր իրականացրել։ Այս ողջ ընթացքում ընդդիմադիր առաջնորդի աջակիցները փողոցում լայնածավալ բողոքի ակցիաներ էին անում։ Դատարանը 3 ամսով երկարացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանի միջնորդությունը բավարարվեց, և Ծառուկյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ։
Գարեգին Նժդեհի փողոցում վայրկյանների անուշադրությունը դարձել է անդառնալի ողբերգության պատճառ։ 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 5-ամյա տղա երեխա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Չնայած շտապօգնության բժիշկների արագ արձագանքմանը՝ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Պարզվում է՝ երեխայի մայրը մահացել էր նախորդ տարի, իսկ դեպքի պահին տանը եղել է միայն տատիկը։ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են սարսափելի պատահարի բոլոր մանրամասները։
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում ու սպառնում պատժամիջոցներով։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Երևանի նկատմամբ կարող է կիրառվել կանոնադրության 25-րդ հոդվածը՝ արդեն 3-րդ տարին աշխատանքներին չմասնակցելու և անդամավճարները չվճարելու համար։
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին։ Ռյազանում անօդաչուների թիրախում է հայտնվել միանգամից երկու խոշոր օբյեկտ՝ Ռյազանի ՆՎԳ-ն և Wildberries-ի պահեստային համալիրը։ OSINT ալիքների տվյալներով՝ հարվածներից հետո տարածքում ուժգին հրդեհներ են բռնկվել։ Հատկանշական է, որ Ռյազանի գործարանը մտնում է Ռուսաստանի ամենահզոր նավթավերամշակող օբյեկտների եռյակի մեջ՝ տարեկան շուրջ 18 միլիոն տոննա հզորությամբ։ Վնասների մասշտաբներն առայժմ ճշտվում են։
ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը խոստանում է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը։ Միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Սենատի խմբակցության ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ այդ պատերազմը պետք է ավարտվի։ Նրա խոսքով՝ անգամ որոշ հանրապետականներ են արդեն միանում իրենց՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։