Արտաքին 28 րոպե առաջ - 20:23 04-11-2026

Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման

Թուրքիական արտադրության NMS-L 4×4 թեթև զրահամեքենան առաջին անգամ ընդգրկվել է Թուրքիայի անվտանգության ուժերի սպառազինության մեջ։

Այս զրահամեքենան անվանվել է «YETİŞEN» (Յեթիշեն)՝ ի պատիվ Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորական Մուրաթ Քեմալ Յեթիշենի։

Այն նախագծվել է «Nurol Makina» ընկերության կողմից և համարվում է թեթև դասի զրահամեքենա՝ նախատեսված տակտիկական կարիքների համար։

Այն աչքի է ընկնում իր թեթևությամբ, մասշտաբավորվող բալիստիկ պաշտպանությամբ և մոդուլային դիզայնով։ NATO STANAG 4569 ստանդարտին համապատասխան՝ տարբեր մակարդակների հասցվող բալիստիկ պաշտպանությունը հնարավորություն է տալիս մեքենան հարմարեցնել սպառնալիքների տարբեր աստիճաններին և առաջադրանքների պահանջներին։

Լիովին անկախ կախոցների համակարգի շնորհիվ մեքենան ունի արտաճանապարհային տեղաշարժման բարձր կարողություն։ Այն նաև համալրված է ծակվելուց հետո ընթացքը շարունակելու հնարավորություն տվող անվադողերով և անվադողերում ճնշման կենտրոնացված կարգավորման համակարգով, ինչի շնորհիվ նախատեսված է տեղանքային բարդ պայմաններում գործելու համար։ Մինչև հինգ անձ տեղափոխելու տարողությամբ «ԵԹԻՇԵՆ»-ն ունի չորս կողային և մեկ հետևի դուռ, ինչը հեշտացնում է անձնակազմի մուտքն ու ելքը։

Մեքենայի կարևոր առանձնահատկություններից է նաև CH-47 տիպի ուղղաթիռներով կախված վիճակում տեղափոխվելու հնարավորությունը։ Այս հնարավորությունը, համապատասխան օպերատիվ պայմանների առկայության դեպքում, թույլ կտա մեքենան օդային ճանապարհով տեղափոխել տարբեր շրջաններ և ստորաբաժանումներին ավելի արագ հասցնել անհրաժեշտ վայրեր։

Զրահամեքենան նախագծվել է -32-ից մինչև +55 աստիճան կլիմայական պայմաններում աշխատելու համար։ Ընտրովի լրացուցիչ սարքավորումների շարքում են հեռակառավարվող զենքի կայանը, 360 աստիճանի տեսադաշտ ապահովող համակարգը, գիշերային տեսողության օժանդակ համակարգը և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի