Եվրամիությունում ընդլայնվելու հարցում ուժեղ քաղաքական կամք կա, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Եվրամիության ակնկալիքները կարող են հանդիպել։ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս պահին ո՞ր կետում է ԵՄ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին։
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում կարող է Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել, վարչապետը նշել է. «Ես կարծում եմ, որ եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել։ Բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության վրա։
Եվ մեր թիրախն է վիզաների ազատականացմանը հասնել 2029 թվականին։ Դա կլինի հերթական շատ կարևոր փուլը Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման համար։
Մենք կարող ենք ասել, որ հիմա մենք սկսել ենք մի գործընթաց, որը մեզ բերելու է վերջնական որոշման, որպեսզի դիմենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։
Շատ կարևոր է, որ և՛ Հայաստանի, և՛ Եվրոպայի պաշտոնյաները համաձայն են մեկ շատ կարևոր բանում, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամենաբարձր կետում են, որ մենք երբևէ ունեցել ենք»,- ասել է նա։