Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այսօր հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասում ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի, Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիայի, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովայի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ջրամբարաշինական ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, իրականացման ժամանակացույցը ու առաջիկա անելիքները՝ կապված շինարարական ընկերությունների նախաորակավորման և պահանջվող փաստաթղթերի նախապատրաստման հետ։
Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրին, որը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 23-ի 7-րդ նիստում։
Արամազդ Ղալամքարյանը շեշտել է, որ մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի շինարարություն, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ի կառուցման աշխատանքները՝ ընթացքի մեջ։
Ջրային կոմիտեի նախագահը կարևորել է ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերանայել գնումների նախնական ռազմավարությունը և դիտարկել աշխատանքների փաթեթավորման այլընտրանքային տարբերակներ։
Այս համատեքստում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հրավիրելով տեղական և միջազգային շինարարական ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումների ընթացքում կգնահատվեն ընկերությունների տեխնիկական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև հինգ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և առաջիկա ծրագրերի արդյունավետ ու ժամանակին իրականացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արագ կազմակերպումը։