Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 3-ի ամփոփ լուրերը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Այս մասին Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Նրա խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանն ու հետագա համագործակցության ձևավորմանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ատյաններում առկա վեճերն ու հայցերը կարող են հետ քաշվել, բայց միայն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա ընդգծմամբ՝ Հայաստանը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունից, սակայն խաղաղության գործընթացի տրամաբանությունը ենթադրում է փոխադարձ հայցերի չեղարկում։ Նախաստորագրված համաձայնագրի 15-րդ կետով սահմանվում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը պետք է հետ կանչեն բոլոր միջպետական հայցերն ու բողոքները և այլևս նոր վարույթներ չնախաձեռնեն միմյանց դեմ»:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե Սահմանադրության տեքստը փոխվում է Ալիևի պահանջով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ընդդիմադիրները «գլուխները պատին են տալիս։ Նախարարի այս հայտարարությանը կոշտ հակադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ Գալյանին անվանելով «ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար»։ Պատգամավորն ընդգծել է, որ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ «օրնիբուն աշխատելու» մասին հայտարարությունները 2026 թվականին այլևս ընդունելի չեն, և արդյունքի բացակայության պարագայում նախարարը պետք է կամ հրաժարական գրի, կամ ընդունի, որ ստում է։
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ռազմական բարձրաստիճան հանդիպում է կայացել։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ոչ միայն բանակի «կերպափոխման» ու բարեփոխումների փորձը, այլև համատեղ զորավարժություններին մասնակցությունն ու հատուկ նշանակության ուժերի համագործակցությունը։
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները կանխել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման հերթական դեպքը։ Օպերատիվ տվյալներն իրացնելիս իրավապահները այցելել են Ագարակ գյուղի 51-ամյա բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոց և կաթուցիչներ։ Տանը գտնվող մյուս երկու համագյուղացիների անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել են խոշոր չափերի թմրանյութեր։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված հետագա խուզարկություններով հողամասում գտել են կանեփի բույսեր, իսկ նկուղում՝ ավելի քան 600 գրամ մարիխուանա։ Թմրամիջոցն իրացնող 51-ամյա տղամարդն արդեն կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել դիվանագիտական կարևոր հանդիպում։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Ռոմոլիին։ Հայոց Հովվապետը բարձր է գնահատել Մարտական Ուխտի ցուցաբերած մարդասիրական ու առողջապահական աջակցությունը հայ ժողովրդին։ Հանդիպմանն հատուկ անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքներին և Մայր Աթոռի հետ համատեղ սոցիալական ծրագրերի ընդլայնման հնարավորություններին։
Նոյեմբերի 8-14-ը կանցկացվի «Հայկական գինու շաբաթ» արշավը, որի նպատակն է հազարամյակների պատմություն ունեցող հայկական գինին հանրահռչակել աշխարհի տարբեր ծայրերում։ Նախաձեռնողների փոխանցմամբ՝ Սփյուռքի կազմակերպությունների ու մասնագետների աջակցությամբ սկսվող այս մարտահրավերը թույլ կտա հնարավորինս շատ օտարազգիների ծանոթացնել հայկական արտադրանքին։ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամից ընդգծում են, որ Հայաստանում գինու ներքին սպառումը 2016 թվականի 1 լիտրից հասել է 5 լիտրի՝ մեկ շնչի հաշվով։
Տեսանյութ: