Մայքլ Դուգլասը դերասաններին խորհուրդ է տվել սիրավեպ չսկսել խաղընկերների հետ՝ խոստովանելով սեփական սխալը։
Մայքլ Դուգլասը դերասանների նոր սերնդին խորհուրդ է տվել խուսափել նկարահանման հրապարակում սիրային հարաբերություններ սկսելուց։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ դերասանն այս մասին խոսել է Լոնդոնում՝ իր «One Helluva Ride» հուշագրքի ներկայացման ժամանակ։
82-ամյա Դուգլասը գրքում խոստովանել է, որ 1984 թվականին «Ռոմանսը քարի հետ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սիրային կապ է ունեցել Քեթլին Թերների հետ։ Այդ ժամանակ նա ամուսնացած էր Դիանրա Լյուքերի հետ, իսկ Թերները հարաբերությունների մեջ էր իր ապագա ամուսնու՝ Ջեյ Ուայսի հետ։
Դերասանի խոսքով՝ նման հարաբերությունները կարող են բարդ հետևանքներ ունենալ, հատկապես բաժանումից հետո, երբ նախկին սիրահարները ստիպված են միասին նկարահանվել սիրային տեսարաններում։ «Մենք բոլորս էլ նման սխալ թույլ տվել ենք, և ես փորձում եմ զգուշացնել մարդկանց»,- ասել է նա։
Հուշագրքում Դուգլասը նաև մանրամասնել է, որ իր և Թերների միջև փոխադարձ հրապուրանքն առաջացել է հենց սկզբից, իսկ սիրավեպը զարգացել է համատեղ աշխատանքի ընթացքում։ Թերները նախկինում հրապարակայնորեն հերքել էր իրենց միջև սիրային կապի մասին լուրերը։