Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Կենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ 2027 թվականից պետք է բարձրացնեն ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը, քանի որ կա կադրերի մեծ արտահոսք։ Այսինքն, կադրերին պահելու համար պետք է վճարել բարձր։
Սա մի «կախարդական» խոսք է, «ալիբի», որ ներկայացնում են բոլոր պետական գերատեսչություններում, երբ հարց է հնչում աշխատավարձերի հետ կապված։ Բերվում է մի փաստարկ, թե իբր՝ գնում են մասնավոր, ու որպեսզի չգնան, մնան՝ պետք է մրցունակ լինի աշխատավարձը։
Իրականում, չկա որեւէ պետություն, որտեղ պետական սեկտորում կա մասնավոր սեկտորի հանդեպ մրցունակ աշխատավարձ։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։
Չկա որեւէ նորմալ պետություն, որտեղ պետական աշխտավարձը լինի մասնավորի հետ համեմատելի։ Եվ դա շատ բնական ու օբյեկտիվ է, որովհետեւ պետական աշխատանքը պետք է ունենա գրավչություն այլ տեսանկյունից՝ հենց պետական հեղինակության, պետական արժանապատվության եւ մտածողության, իսկ «շոշափելի» գրավչությունն ապահովվում է ոչ թե բառի բուն իմաստով փողի, այլ սոցիալական տարբեր բոնուսների տեսքով։ Ընդ որում, ի՞նչն է նաեւ սոցիալական այդ առավելությունների փիլիսոփայությունը՝ դարձյալ հենց պետական կարգավիճակի հեղինակությունը։
Այդպես է պետական համակարգը մրցակցում մասնավորի հետ, որովհետեւ զուտ ֆինանսական մրցակցությունը պարզապես թե անկարելի է, թե մի շարք առումներով՝ անթույլատրելի։
Բայց, եբ կառավարող ուժը պետական հեղինակությունը, պետության վարկը համատարած իջեցրել է խաշկերույթի մակարդակի՝ օրինակ, ապա բնական է, որ չի կարող այդ պետության պետական համակարգում աշխատանքը գրավիչ լինել կարգավիճակային հեղինակության եւ դրանից բխող կարիերային հեռանկարների տեսանկյունից։ Ըստ այդմ, վարչական ռեսուրսը պահելու համար մնում է հնարավորինս բարձր վարձատրելը՝ հարկատուների հաշվին։
Ու նաեւ այն հարկատուների, որոնք ամեն օր պարզապես թե ֆինանսական, թե հոգեբանական կռիվ են տալիս օրեցօր աճող գների հետ»։