Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց պատկանող հարյուրավոր գույքերի և գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։
Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը` հավելելով, որ սահմանափակումները կիրառվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի տված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում։
ՀԿԱԾ–ը նշել է, որ արգելադրվել են Համբարձումյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող շուրջ 84 անշարժ և 59 շարժական գույք, ինչպես նաև 255 տրանսպորտային միջոց։
Սահմանափակումներ են կիրառվել նաև նրանց պատկանող բաժնետոմսերի և տարբեր ընկերություններում ունեցած մասնակցությունների նկատմամբ։
Խոսքը, ըստ ՀԿԱԾ–ին, 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100-տոկոսանոց մասնակցությունների, ինչպես նաև ևս 8 ընկերություններում տարբեր չափերի՝ 0,003-ից մինչև 99,997 տոկոս մասնակցությունների մասին է։
Բացի այդ, սահմանափակում է կիրառվել տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած դրամական պահանջի իրավունքների նկատմամբ, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 813 մլն դրամ, 20,5 հազար եվրո և շուրջ 249 հազար ԱՄՆ դոլար։
Համբարձումյանին և նրա հետ փոխկապակցված անձանց արգելվել է որևէ գործողություն կատարել նշված գույքի և գույքային իրավունքների տնօրինման ուղղությամբ։
Հարկադիր կատարողները պահատվության են հանձնել Համբարձումյանին պատկանող՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Նոյ» թաղամասում գտնվող բնակելի տունը, Համբարձումյանի հետ փոխկապակցված «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված՝ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտրի սրահը, ևս 7 անշարժ գույք և 213 տրանսպորտային միջոց։
Ընկերությանը պատկանող այդ գույքի տնօրինման հետ կապված գործողությունները նույնպես արգելվել են։