96-ամյա Փեփրոն Մազմանյանի աչքերն արցունքոտվում են, երբ հիշում է, թե ինչ ընտանիքի զավակ է եղել և ինչ պայմաններում է ստիպված ապրել այսօր։
«Է՜հ, որտեղի՞ց ուր ենք հասել... Մեծահարուստի աղջիկ եմ եղել, բայց հիմա նստած սպասում եմ իրենց տված կոպեկներին, որ խանութ գնամ։ Ես մարդու նման եմ ապրել, բայց երկրաշարժից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Դառն ու դաժան է իմ անցած կյանքը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Փեփրոն տատը։
Այսօր տուն հիշեցնող փոքրիկ տարածքը տարիներ առաջ ավտոտնակ է եղել։ Հիմա այն 96-ամյա կնոջ կեցավայրն է՝ մի վայր, որտեղ նա անցկացնում է իր կյանքի մայրամուտը։ Փեփրոն տատն ասում է՝ իր արմատներն ու արժանապատվությունը թույլ չեն տալիս ձեռքը մեկնել և մարդկանցից օգնություն խնդրել։
«Չքավոր կյանքով կապրիմ, բայց մուրացկան չեմ։ Ես Մազմանյան Նիկոլի աղջիկն եմ»,- ասում է նա՝ ընդգծելով, որ կյանքի դժվարությունները չեն կարող խլել իր ինքնասիրությունը։
Միայնակ թոշակառու կինը, սոցիալական բազմաթիվ խնդիրներից բացի, նաև կույր է։ Նրա խոսքով՝ որդուն կորցնելուց հետո զրկվել է նաև աչքի լույսից։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան