Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Փարիզում վաճառվել է ռեկորդային՝ 50 միլիոն եվրոյով:
Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Հիրիկներ» (Iris) կտավը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 50 միլիոն եվրոյով՝ սահմանելով Ֆրանսիայում աճուրդով վաճառված արվեստի գործի նոր ռեկորդ։ Այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդի տունը։
Կտավը, որը ստեղծվել է Մոնեի կյանքի վերջին տարիներին, հանրությանը ներկայացվել է առաջին անգամ։ Մինչ աճուրդը դրա արժեքը գնահատվում էր 22–30 միլիոն եվրո։
Մեծադիր ստեղծագործությունը՝ 1,6 մետր բարձրությամբ և 1,8 մետր լայնությամբ, տասնամյակներ շարունակ պահվել է Շլումբերժե ընտանիքի փարիզյան առանձնատանը և հայտնի է եղել միայն սև-սպիտակ լուսանկարով։
Ըստ տեղեկությունների՝ կտավը հեռախոսային սակարկության արդյունքում ձեռք է բերել ասիացի մասնավոր հավաքորդ, որի անունը չի հրապարակվել։
Մոնեի ստեղծագործություններում ծաղիկներն ու բնությունը կարևոր տեղ էին զբաղեցնում։
Ժիվերնիի իր հայտնի այգում նկարիչը աճեցնում էր բազմատեսակ բույսեր, որոնք ոգեշնչում էին նրան ստեղծել լույսի, գույնի և տրամադրության նուրբ համադրություններով կտավներ։ «Հիրիկներ»-ի ռեկորդային վաճառքը ևս մեկ անգամ ընդգծում է նրա արվեստի շարունակական արժեքն ու պահանջարկը։