Ուղիղ եթեր
Ավելին 39 րոպե առաջ - 21:20 24-10-2026

Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը

Քիմ Քարդաշյանը շատ ավելին է, քան ռեալիթի աստղը։ Լրագրողը բացահայտել է նրա հաջողության գաղտնիքները։
Տարիներ շարունակ Քիմ Քարդաշյանին համարել են հայտնիություն, որը ճանաչում է ձեռք բերել սկանդալների և անձնական կյանքի շնորհիվ։

Սակայն լրագրող Ջոնաթան Վան Մետերը, որը հինգ տարի ուսումնասիրել է աստղի կյանքը, կարծում է՝ Քիմը ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է, որը կարողացել է իր հանրաճանաչությունը վերածել միլիարդավոր դոլարների բիզնեսի։

Իր «Քաղաքացի Քիմ. Կինը, որը ստեղծեց ապագան» գրքում հեղինակը պատմում է Քարդաշյանի մանկության, ընտանեկան գաղտնիքների, սկանդալների և իրեն լուրջ գործարար ու մասնագետ ներկայացնելու երկարատև պայքարի մասին։

Այսօր Քիմն Instagram-ում ունի շուրջ 344 միլիոն հետևորդ, իսկ 2019 թվականին նրա հիմնադրած Skims ապրանքանիշը գնահատվում է միլիարդավոր դոլարներ։ Վան Մետերի խոսքով՝ Քարդաշյանը կարողանում է սոցիալական ցանցերում մեկ հրապարակմամբ ազդել համաշխարհային նորաձևության վրա և հաջող բիզնեսներ ստեղծել։

Սկզբում լրագրողը չէր ցանկանում ուսումնասիրել Քարդաշյան-Ջեններ ընտանիքը՝ նրանց համարելով սելֆիների, կատարյալ արտաքինի և անձնական կյանքի հրապարակայնացման մշակույթի խորհրդանիշ։ Սակայն հետագայում նա բացահայտել է, որ ընտանիքի թվացյալ անլուրջ կերպարի հետևում կանգնած են լուրջ բիզնես շահեր։

Քիմը ոչ միայն կառուցել է սեփական բիզնես կայսրությունը, այլև սկսել է զբաղվել քրեական արդարադատության բարեփոխումներով։ 2018 թվականին նա աջակցել է Ալիս Մարի Ջոնսոնի ազատ արձակմանը՝ դիմելով ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին։ Հետագայում Քարդաշյանը ներգրավվել է նաև այլ դատապարտյալների ազատ արձակման նախաձեռնություններում։

2021 թվականին նա հանձնել է Կալիֆոռնիայի իրավաբանական դպրոցի առաջին կուրսի քննությունը՝ չորրորդ փորձից։ Լրագրողի գնահատմամբ՝ սա ևս մեկ ապացույց է, որ Քիմը փորձում է դուրս գալ զուտ հեռուստաաստղի կերպարի սահմաններից։

Գրքում առանձնահատուկ տեղ է հատկացված Քիմի մորը՝ Քրիս Ջեններին, որին հեղինակը նկարագրում է որպես ընտանիքի հաջողության գլխավոր ճարտարապետ։ Նրա խոսքով՝ Քրիսը մեծ դեր է ունեցել երեխաների հանրային կերպարի և կարիերայի ձևավորման գործում։

Քիմի հայրը՝ հայկական ծագմամբ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, հայտնի դարձավ հատկապես Օ. Ջեյ Սիմփսոնի աղմկահարույց դատավարության ժամանակ՝ պաշտպանելով ամերիկացի նախկին մարզիկին։ Այդ գործը ընտանիքի անունը լայնորեն հայտնի դարձրեց ԱՄՆ-ում։

Վան Մետերը ենթադրում է, որ այդ տարիների իրադարձություններն ու ընտանեկան լարվածությունը մեծ ազդեցություն են ունեցել Քիմի վրա՝ ձևավորելով նրա հետաքրքրությունը հանրային ուշադրության և իրավաբանական ոլորտի նկատմամբ։

2007 թվականին Քիմ Քարդաշյանի և երգիչ Ռեյ Ջեյի ինտիմ տեսանյութի հրապարակումը մեծ սկանդալ առաջացրեց։ Նույն տարում մեկնարկեց «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուն, որը ընտանիքին միջազգային ճանաչում բերեց։

Քարդաշյանը հետագայում տեսանյութի հրապարակումը բնութագրել է որպես իր ամենամեծ ափսոսանքներից մեկը։ Վան Մետերի կարծիքով՝ այդ պատմությունը կարող էր դրդել նրան տարիներ շարունակ ապացուցելու, որ ինքն ավելին է, քան սկանդալի հերոսուհի։

Հեղինակը, սակայն, չի պնդում, թե հստակ գիտի՝ ինչպես է տեսանյութը հայտնվել հանրության շրջանում։ Նա նշում է, որ այդ պատմության մի շարք հանգամանքներ մինչ օրս ամբողջությամբ պարզաբանված չեն։

Գրքում չեն ներառվել Քարդաշյանի կարիերայի որոշ վիճահարույց դրվագներ, այդ թվում՝ 2022 թվականի Met Gala-ի ժամանակ Մերիլին Մոնրոյի պատմական զգեստը կրելու շուրջ սկանդալը։ Քննադատները մտահոգություն էին հայտնել զգեստի պահպանության և հնարավոր վնասման վերաբերյալ։

Վան Մետերը նաև չի անդրադարձել աստղի՝ միջոցառման համար կարճ ժամանակում զգալի քաշ կորցնելու մասին հայտարարություններին։

Չնայած քննադատություններին՝ լրագրողը կարծում է, որ Քիմի ազդեցությունը չի կարելի սահմանափակել նրա արտաքինով կամ սկանդալներով։ Նրա հաջողությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեդիա ուշադրությունը վերածվել հզոր բիզնեսի, մշակութային ազդեցության և նոր մասնագիտական նպատակների։

Միևնույն ժամանակ, Քարդաշյանի կերպարը շարունակում է հակասական մնալ․ նրա հանրային ազդեցությունը մեծ է, բայց դրա գինը մշտական ուշադրությունն ու անձնական կյանքի սահմանների կորուստն են։

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան