Ներքին 4 ժամ առաջ - 15:43 22-10-2026

Նուբարաշենի «դիտավորյալ» հրդեհը. ուր կորան Ավինյանի հիշատակած մեղավորները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նուբարաշենի աղբավայրի հրդեհից տևական ժամանակ է անցել, սակայն հանրությունը այդպես էլ չիմացավ՝ ովքեր էին «անվերջ այրում» աղբավայրը, և արդյոք քաղաքապետ Տիգրան Ավինյանին հաջողվեց պարզել մեղավորներին։

Հիշեցնենք, որ աղմկահարույց հրդեհից հետո, Ավինյանը հայտարարեց, որ սա պատահականություն չէր, այլ դիտավորություն։

Որպես շարժառիթ նշվում էր այն հանգամանքը, որ քաղաքապետարանը չեղարկել էր աղբավայրը սպասարկող մասնավոր ընկերության պայմանագիրը, և կառավարումն անցել էր համայնքին։

Լրատվամիջոցներն ու փորձագետներն այս հայտարարությունն անմիջապես որակեցին որպես համայնքի դեմ ուղղված «սաբոտաժ»։ Քաղաքապետը հայտարարեց, որ անձամբ կապ է հաստատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ, որպեսզի հարցով զբաղվեն իրավապահները՝ խոստանալով, որ մեղավորները կպատժվեն «օրենքի ողջ խստությամբ»։

Հնչեղ խոստումներից անցել է տևական ժամանակ, սակայն իրավապահ համակարգը և Քննչական կոմիտեն այդպես էլ հանրությանը ցույց չտվեցին ոչ մի ձերբակալված անձի կամ կազմակերպչի։ Թեման ուղղակի անցավ-գնաց, իսկ հանրային հարթակից հնչեցված մեղադրանքները մնացին օդում։

Մինչ իրավապահները փնտրում (կամ գուցե չէին էլ փնտրում) գաղտնի հրկիզողներին, քաղաքապետարանը սահմանափակվեց ներքին պատժամիջոցներով։ Հրդեհից անմիջապես հետո աշխատանքից ազատվեց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։

Պարզաբանում ստանալու նպատակով մեր խմբագրությունը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ, կառույցից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարկ է նշել՝ բնապահպաններն ու ոլորտի փորձագետները բազմիցս բարձրաձայնել են, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհների հիմնական պատճառը ոչ թե արտաքին միջամտությունն է, այլ տասնամյակներով կուտակված օրգանական թափոնների քայքայումից առաջացող մեթան գազը (բիոգազը)։

Առանց համապատասխան հակահրդեհային շերտերի և գազի հեռացման համակարգերի՝ աղբավայրը ամռանն ու աշնանը վերածվում է «վառոդի տակառի», որն ինքնաբռնկվում է բարձր ջերմաստիճանից։

Նուբարաշենը տարիներ շարունակ հանդիսանում է բացօթյա աղբանոց, այլ ոչ թե կառավարելի սանիտարական աղբավայր. իսկ աղբի վերամշակման գործարան կառուցելու խոստումները շարունակում են մնալ քաղաքապետարանի հերթական չիրականացված նախագծերի թղթապանակում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված