Ադրբեջանում վերջին ամիսներին ծավալվող ներքաղաքական ցնցումները, որոնք բռնկվեցին դպրոցներում ու համալսարաններում հիջաբի (գլխաշորի) փաստացի արգելքից հետո, շարունակում են նոր զարգացումներ ստանալ։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Դիանա Կարապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների և հիջաբի շուրջ հանրային ընդվզումները նոր երևույթ չեն. նմանատիպ դեպքեր արձանագրվել են դեռևս 2010 թվականից։ Սակայն ներկա լարվածությունը պայմանավորված է 2026 թվականի հուլիսին ընդունված նոր կարգավորմամբ։
«Ադրբեջանի իշխանություններն ընդունեցին մի կարգավորում, որը նախկինում դադարեցրել էին 2015 թվականին։ Ըստ այդմ՝ ուսումնական հաստատություններում թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները այլևս իրավունք չունեն կրել կրոնական հագուստ և պարտավոր են կրել սահմանված համազգեստ։ Սա բողոքի մեծ ալիք առաջացրեց հասարակության այն ստվար հատվածի շրջանում, որն ապրում է կրոնական արժեքներով և չի ձգտում աշխարհիկության»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դիանա Կարապետյանը։
Ըստ նրա՝ հավատացյալ զանգվածն այս որոշման հիմքում տեսնում է Բաքվի միտումնավոր քայլերը՝ կտրվելու մուսուլմանական աշխարհից և արևմտյան հանրությանը ներկայանալու բացարձակ աշխարհիկ դիրքերից։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները ոչ պաշտոնական խողովակներով և փորձագիտական մակարդակով պարզաբանում են, որ սա քաղաքական արմատական իսլամը զսպելու հերթական գործողությունն է։ Ադրբեջանում հավատացյալ համայնքն իրենից շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում վարչակարգի համար, քան քաղաքական ընդդիմությունը, և պետությունը փորձում է կոշտ վերահսկողության տակ վերցնել կրոնական դաշտը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն թեզերին, թե Ադրբեջանի ներքին զտումները կապված են Մերձավոր Արևելքի մեծ պատերազմի և Իրան-Իսրայել հակամարտության հետ, ադրբեջանագետը հորդորեց չշտապել նման եզրակացություններում։ «Ես սա չէի կապի Մերձավոր Արևելքի պատերազմի հետ, որովհետև այս խնդիրն արդեն 16 տարվա պատմություն ունի։
Ադրբեջանի իշխանություններն ավելի քան մեկ տասնամյակ փորձում են երկրին աշխարհիկ բնույթ հաղորդել. պարզապես ժամանակ առ ժամանակ արմատական իսլամը գլուխ է բարձրացնում, և իշխանությունները դիմում են ճնշման գործիքների»,- պարզաբանեց փորձագետը։
Չնայած նախկինում նման ցույցերի թիկունքում հստակ նկատվում էր իրանական կողմի աջակցությունն ու համակարգումը, այս փուլում, ըստ Դիանա Կարապետյանի՝ սլաքներն ուղղեց դեպի Թուրքիա։ Բաքվում փորձում են ներկա բողոքի ալիքի կոորդինացումը պայմանավորել թուրքական կողմով՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում նկատվող լարվածությունը։
Վերջին ամիսներին ադրբեջանա-թուրքական հարաբերություններում նկատելի փոփոխությունները կապված են ավելի լայն աշխարհաքաղաքական տրամաբանության հետ։ 2023 թվականի իրադարձություններից հետո Իլհամ Ալիևը հետևողականորեն փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից։
«Նույն հոկտեմբերին Ալիևի հայտարարությունն այն մասին, թե իրենք միայնակ են հաղթել պատերազմում, որ որևէ օգնություն չի եղել և ամբողջ սպառազինությունը գնել են, հերթական քայլն էր աշխարհին որպես անկախ ու կայուն պետություն ներկայանալու ուղղությամբ։ Սա, բնականաբար, թուրքական կողմին դուր չի եկել»,- կարծիք հայտնեց բանախոսը։
Լարվածության մեկ այլ խորքային պատճառ է դարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ Ադրբեջանի դիրքորոշումը։ Երբ Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին մեղադրեց ֆաշիզմի մեջ, թուրքական պատվիրակությունը և բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներ ի նշան բողոքի լքեցին դահլիճը, սակայն Ադրբեջանի պատվիրակը մնաց իր տեղում։
Այս քայլը մեծ դժգոհություն առաջացրեց Թուրքիայում. Անկարայում և Ստամբուլում նույնիսկ բռնկվեցին հակաալիևյան լոզունգներով բողոքի ակցիաներ, ինչին հաջորդեց նաև Բաքվի հասցեին թուրքական կողմի քննադատությունը՝ հիջաբի արգելքի թեմայով։
Թեև այս փուլում երկու երկրների պաշտոնական շրջանակները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե հարաբերությունները դուրս չեն եկել «մեկ ազգ, երկու պետություն» եղբայրական տրամաբանությունից, իրականում պատկերն այլ է։
Փորձագետ Դիանա Կարապետյանը կարծում է, որ ներկա փուլում ադրբեջանա-թուրքական հարաբերությունները դժվար թե գնան կտրուկ և բացահայտ լարման, սակայն ստեղծված իրավիճակը կարևոր ազդակ է հայկական կողմի համար:
«Նման իրադրություններում մենք տեսնում ենք, որ մեր պատկերացրած այդ ընդհանուր թուրքական եղբայրությունը այնքան էլ կուռ և ամուր չէ։ Համապատասխան և ճկուն քաղաքականության դեպքում հնարավոր է նաև այդ հարաբերությունների ճաքերից որոշակիորեն դիվիդենդներ քաղել»,- եզրափակեց ադրբեջանագետը։
Հասմիկ Մովսիսյան