Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 34 րոպե առաջ - 21:54 12-10-2026

Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը զոհված զինծառայողների ծնողներից ահազանգ է ստացել այն մասին, որ Շիրակի մարզի մի շարք դպրոցներից հեռացվել են իրենց հերոս որդիներին նվիրված փառքի անկյունները։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Ղանդիլյանի մայրը՝ Հռիփսիմե Ղանդիլյանը, հազիվ է զսպում հուզմունքը, երբ պատմում է որդու մասին։ Որդեկորույս մայրը վրդովված է, որ դպրոցից հեռացրել են որդուն նվիրված փառքի անկյունը։

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում նրան հայտնել են, թե դա պայմանավորված է վերանորոգման աշխատանքներով, և դրանց ավարտից հետո փառքի անկյունն անմիջապես կվերականգնվի։ Սակայն մեկ տարի անց էլ, բացի անորոշ պատասխաններից, դպրոցում ոչինչ չի փոխվել՝ բացառությամբ գունավոր պատերի և դրանց փակցված Նիկոլ Փաշինյանի «թևավոր մտքերի»։

«Երկիրը երբ ղեկավար ունի, որ մենք ինչ-որ բանի սպասենք։ Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ձև երեխեքի անունը հեռացնում են ամեն տեղից։ Երևանում էլ տեսանք, թե ինչպես պատերից ջնջեցին հերոսների նկարները։ Քաղաքը հերոսներից են մաքրում, ուրիշ բանից մաքրեք։ Վերևում Աստված կա, ես միայն Աստծո դատաստանին կսպասեմ։ Ինչքան մեզ են ցավեցրել, էդքան էլ իրենք ցավ զգան։ Ես Աստծո դատաստանին եմ սպասում, որովհետև էս երկրում արդարություն չկա։ Արդարություն որ լիներ, իմ երեխես ու մնացած 5 հազար տղաները ողջ կլինեին։ Ի՞նչ արդարության մասին է խոսքը։ Ես անզոր եմ իրենց դեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է հերոս Գառնիկ Ղանդիլյանի մայրը։

Տիկին Հռիփսիմեի խոսքով՝ տեղի ունեցածը մեկ բանի մասին է խոսում՝ Արցախ անունը փակելու և ջնջելու ցանկության։

«Արցախի էջը էս մարդկանց համար վաղուց փակված է, ուղղակի մենք չենք ընդունում։ Էս մարդիկ վախենում են թուրքերից, դրա համար են ջնջում Արցախի անունը, մեր երեխեքի արածը։ Ամեն ինչ արեցին, որ ցույց տան, թե մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի։ Արժեք չունեցավ այն, ինչ արեցին մեր որդիները։ Իրենց կյանքով պահեցին հայրենիքը, որ էսպե՞ս լիներ»,- վրդովված շարունակում է նա։

Oragir.News-ը զրուցել է նաև 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Ղանդիլյանի սովորած դպրոցի տնօրեն Ֆլորա Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու մինչ օրս չի վերականգնվել փառքի անկյունը։

«Հիմա դեռ չենք կարգավորել փառքի անկյունի հարցը, որովհետև իրավունք չունեինք դպրոցի պատերին ծակեր բացել։ Ժամկետներ չեմ կարող նշել, թե երբ կսարքենք։ Տղաների նկարները իրենց ծնողների մոտ ենք տվել, որ պահեն»,- նշել է Խաչատրյանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ փառքի անկյունները հեռացվել են այն դպրոցներից, որտեղ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ։

Նշենք, որ 2025 թվականին «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում իրականացվում էր 41 դպրոցաշինական ծրագիր, որոնցից 12-ը նոր դպրոցների կառուցման, իսկ 28-ը՝ դպրոցների հիմնանորոգման ծրագրեր էին։ Այդ դպրոցներից 15-ը գտնվում էին Գյումրիում։

Գյումրիում հիմնանորոգվել են թիվ 5 հիմնական, թիվ 7, թիվ 9, թիվ 11, թիվ 19, թիվ 20, թիվ 21, թիվ 23, թիվ 28, թիվ 30, թիվ 31, թիվ 32, թիվ 38, թիվ 41 և թիվ 45 դպրոցները Անահիտ Չալիկյան