Հայ մամուլի օրն է այսօր, մասնագիտական տոն։ Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ 1794 թվականի հոկտեմբերին:
Ի՞նչ վիճակում է այսօր հայ մամուլը, և համարժե՞ք է հանրության վերաբերմունքը լրագրողի և մամուլի նկատմամբ։
Ծանր առաքելություն էլ դրված չորրորդ իշխանության ներկայացուցիչների վրա։ Մամուլն է բարձրացնում հանրության խնդիրները, ստիպում չինովնիկներին չծուլանալ, հարգել օրենքն ու մարդու իրավունքները, աննահանջ պայքարում, որ հանրությունն իմանա ճշմարտությունը իր, իր պետության, իշխանությունների ու ժողովրդի մասին։
Այս վերջինը առանձնապես բարդ է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Երբ քաղաքական առաջնորդն անվերջ վերացարկումներ է անում, ապա հանրությունը կտրվում էր իրականությունից։ Այստեղ սրվում է անաչառ լրագրության կարիքը, որը մարդկանց կասի ճշմարտությունը, իրերը կկոչի իրենց անուններով, կցրի հիվանդագին երևակայություն ունեցող քաղաքական առաջնորդների ցնդաբանությունները, կմերկացնի ստախոսներին, կջախջախի մանիպուլյացիաները։
Առանց մամուլի` մարդիկ կարող են հոգեպես հիվանդանալ քաղաքական ձեռնածությունների արդյունքում, կորցնել իրականության զգացումը, չհասկանալ նույնիսկ պարզ բաները։
Հասարակության պառակտման, ներքին խաղաղության ապականման պայմաններում մամուլի գործն ավելի է բարդանում։ Օրինակ` ՔՊ-ն ու խորհրդարանական ընդդիմությունը փոխադարձաբար ատելություն են գեներացնում։ Անարդար է, որ նրանք իրենց անմակարդակ ու մարդատյաց խաղերին փորձում են ներգրավել նաև մամուլին։ Հատկապես ցավալի է, երբ ՔՊ-ական ապաշնորհ չինովնիկներն իրենց սխալները խոստովանելու և նորմալ աշխատելու փոխարեն, հանդիմանում են լրագրողներին, նրանց դեմ լարում իրենց համակիրներին, կեղծ պատկեր ստեղծելով, թե իրենք լավն են, իսկ լրագրողները հանիրավի սևացնում են`ծույլ, տգետ, ստախոս, ու կոռումպացված ներկայացնում չինովնիկին։
Պարզ ասած` լավ կլինի, որ այսօր գոնե հասկանանք, թե ինչ ծանր առաքելություն են իրականացնում լրագրողները։ Նրանց շնորհիվ են ժողովրդի աչքերը տեսնում քաղաքական իրականությունը, նրանց քննադատությունների արդյունքում պաշտոնյաները ձգվում են, չեն համարձակվում ավելի մեծ վնասներ պատճառել պետությանն ու ժողովրդին։
Եվ ուրեմն եկեք միասնաբար երախտագիտություն հայտնենք նրանց իրենց նվիրումի համար, ներողություն խնդրենք, որ հանիրավի կասկածել ենք նրանց ազնվությանը։ Հատկապես քաղաքական գործիչները կարող են օգտվել առիթից ու շնորհակալություն հայտնել լրագրողներին, հայ մամուլին, որոնց շնորհիվ իրենք հայտնի են դառնում, իսկ մարդիկ իմանում են ճշմարտությունը իրականության մասին։
Թաթուլ Մկրտչյան