Ուղիղ եթեր
Ներքին 52 րոպե առաջ - 13:00 16-10-2026

Փող չկա. ինչու Փաշինյանն ու գիտնականը միմյանց չեն սիրում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Գիտության և գիտնականների հանդեպ անբարյացկամ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանը։ Այս վերաբերմունքը փոխադարձ է։ Գիտնականների մի մասը նրան չի սիրում։

Պատճառների շարքում գիտության անբավարար ֆինանսավորման խնդիրն է։

Փոխադարձաբար՝ Փաշինյանին նյարդայնացնում է, երբ գիտնականները փող են ստանում, հետո շնորհակալություն չեն հայտնում, բայց էլի ուզում։

«Հասկանո՞ւմ եք՝ գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, բայց մամուլում՝ ոչ մի բան, սոցցանցերում՝ ոչ մի բան, ելույթներում ու հրապարակումներում՝ ոչ մի բան: Ընդհանրապես ոչ մի բան չի եղել: Բայց հանկարծ մի որևէ նախագծում 726 դրամ մի տողի առաջ պակաս լինի՝ նամակ, նամակ, նամակ, բողոք ակցիա, ցույց, ինտերվյու, նամակ և այլն: Նենց տպավորություն ա, որ ինչ-որ մեկը զենքը պահել ա մեր վրա, ասել՝ ավելացրեք գիտության ֆինանսավորումը ու մենք՝ «մի կրակեք, կավելացնենք» վիճակում դա ավելացրել ենք, և հենց որ էդ զենքը պահածն աչքը մի կողմ ա թեքել, միանգամից զրոյացրել ենք ֆինանսավորումը»,- Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ասել է վարչապետն, ապա հավելել, որ գիտնականների նամակներին ուշադրություն չի դարձնելու, մինչև այդ նամակների հեղինակները նույն տեմպով չպատմեն, թե գիտության ոլորտում ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին ՀՀ-ում:

Սա մարտահրավեր է նետված գիտական համայնքին։ Նրանք կարող են խոսել գիտության խնդիրների, այս ոլորտում իշխանության վարած քաղաքականության, սխալների, բացթողումների, գիտության կարիքների մասին և այլն։

Մինչ այդ փորձենք հասկանալ, թե որտեղի՞ց է գալիս Նիկոլ Փաշինյանի այս կոպիտ վերաբերմունքը գիտության և գիտական համայնքի հանդեպ։

Առաջին և գլխավոր պատճառը նույնն է, ինչ Վեհափառի պարագայում։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո հանրության մի մասը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։ Գիտական համայնքի ներկայացուցիչները ևս անմասն չեն մնացել, և բազմաթիվ գիտնականներ միացել են հրաժարականի պահանջին։ Այսօր էլ բազմաթիվ գիտնականներ Փաշինյանի լուրջ քննադատներն են։ Իսկ Փաշինյանն էլ հրապարակավ հայտարարում է, որ արհամարհելու է նրանց։

Հաջորդ պատճառն ավելի խորքային է։ Փաշինյանը կիսատ է թողել բուհը, գիտական ուսումնասիրություններ չունի, գիտական հետաքրքրություններ երբեք չի զարգացրել։ Այս առումով՝ նա իրեն զգում է ցածր մակարդակում, քան բուհ ավարտած կամ գիտական աստիճան ունեցողները։ Ենթադրելի է, որ այս զգացումը ճնշում է, և պատկերավոր ասած՝ նա գիտնականներից է վրեժ լուծում այս ամենի համար։

Եվ վերջապես՝ փողը։ Գիտության մեջ ներդրումները արագ արդյունք չեն ապահովում։ Երբեմն փոշիանում են, երբեմն հարկ է լինում տասնամյակներ սպասել, մինչև ներդրումներն արդյունք կտան։ Մյուս կողմից՝ Փաշինյանը, հավանաբար, չի էլ հասկանում՝ ի՞նչ պատվեր իջեցնել գիտնականներին, ի՞նչ խնդիր դնել նրանց առաջ, ինչ զարգացում կամ նվաճում ակնկալել։ Եվ երբ գիտության համար փող են պահանջում հարկատուների միջոցները տնօրինողից, ապա նա չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ պետք է այդ փողը տա գիտնականին։

Ասում են, թե Փաշինյանի համար ամենակարևորն իր իշխանության պահպանումն է։ Եվ այս խնդրում կարևոր է, որ հանրության շերտերը, այդ թվում՝ գիտական համայնքը, փառաբանեն նրան։ Այսինքն՝ Փաշինյանը գիտնականներից ակնկալում է, որ նրանք գովերգեն իրեն, իր վարած քաղաքականությունը գիտության ոլորտում։ Սա իրապես կնպաստի նրա վարկանիշի աճին։ Գիտնականները հարգանք են վայելում կիրթ մարդկանց աշխարհում։ Եթե գիտնականները աջակցեն Փաշինյանին, ապա ենթադրելի է, որ կիրթ մարդիկ ևս նրա էլեկտորատի մաս կդառնան։ Իսկ գովելու պատճառն էլ փողը կարող է լինել։ Եվ ահա նա ակնկալում է, որ գիտնականները շնորհակալություն, երախտագիտություն հայտնեն հարկատուների միջոցներից իրենց արվող հատկացումների համար։

Քաղաքականություն որոշողը կարող է՝ չէ՞, գիտնականներին փող չտալ։ Բայց տալիս է, չէ՞։ Իսկ ինչո՞ւ գիտնականները փառք չտան որոշողին այդ ողորմության համար։

Կարճ ասած՝ մարտահրավերը նետված է։ Գիտնականների պատվի հարցն է, թե ինչպես կարձագանքեն Փաշինյանի կոպիտ վերաբերմունքին, ինչպես կհիմնավորեն գիտության կարիքները և կքննադատեն ՔՊ-ի քաղաքականությունը գիտության ոլորտում։ Սա նաև առիթ է, որ ՀՀ գիտական համայնքը ձևակերպի Հայաստանի գիտական հավակնությունները, բացահայտի ներուժը և ապացուցի, որ ՀՀ-ում գիտությունը իրապես նպաստում է ընդհանուր բարեկեցության և հարկային մուտքերի աճին, հետևապես՝ գիտության ֆինանսավորումը պետք է աճի։ Թաթուլ Մկրտչյան